Բաժիններ՝

«Կա ներառական կրթություն, չկան մատչելի պայմաններ»

asparez.am-ը գրում է.  Ներառական կրթության սկիզբը Գյումրիում դրվեց 2009 թվականին. «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանրակրթական դպրոցներ մտած այս ծրագիրը սկզբում փորձարկվեց հանրապետության երկրորդ քաղաքի չորս դպրոցներում, այնուհետ ծրագիրն ընդայլնվեց:

Արդարացնո՞ւմ է ներառական կրթությունը Շիրակի մարզում, ի՞նչ խնդիրներ են դեռ մնում չլուծված. այս հարցերի շուրջ զրուցեցինք ինչպես Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գեւորգ Ղումաշյանի, այնպես էլ ոլորտի մասնագետների ու ներառական կրթության կարիք ունեցողների հետ: Մինչ ներառական կրթության ներկա խնդիրներին եւ թերություններին անդրադառնալը, մեր զրուցակիցը՝ Գեւորգ Ղումաշյանը, կարեւորում է այս ծրագրի հոգեբանական կողմի հաղթահարումը:

-Ներառական կրթությունը խորթ էր մեր հասարակության համար: Նախկինում հաշմանդամություն ունեցող երեխաների համար կային հատուկ դպրոցներ: Հիմա այս ծրագրի հետեւանքով հատուկ դպրոցները դադարեցին գործելուց. հասարակությանը ժամանակ է պետք ադապտանալու համար,-ասաց մարզպետարանի պաշտոնյան:

«Փյունիկ Հայաստանի հաշմանդամների միություն» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի նախագահ Արմինե Նիկողոսյանը ներառական ծրագրի իրականացման հարցում հոգեբանական խնդիրների հաղթահարում չի տեսնում: Վերջինս կարեւորում է աշխատանքների իրականացումը, որոնք կնպաստեն ծրագիրն առավել մատչելի դարձնելուն:

-Ասել, որ հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաները ներառական կրթություն ստանալու համար հավասար հնարավորություններ ունեն, մի քիչ ճիշտ չի լինի: Ներառական կրթություն լիարժեք ապահովելու համար անհրաժեշտ է, որ դպրոցում լինեն թեքահարթակ, հարմարավետ սանհանգույց, մասնագետներ, դիտակտիկ նյութեր: Մենք մոնիտորինգ են անցկացրել եւ պարզել, որ երեխաները գնում են ներառական կրթություն իրականացնող դպրոցներ, բայց մատչելի պայմաններ չկան,-դժգոհեց Արմինե Նիկողոսյանը:

Այս պահին Շիրակի մարզում կա ներառական կրթություն ապահովող 15 դպրոց: Դրանցից 11-ը Գյումրիում են, որոնցից տասը՝ թիվ 7, 11, 15, 23, 28, 29, 30, 31, 38, 40, գտնվում են Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ, իսկ թիվ 1 դպրոցը՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության: Ներառական կրթությամբ մյուս չորսը Արթիկի թիվ 1, թիվ 2 եւ Աշոցքի ու Ազատանի միջնակարգ դպրոցներն են: Շիրակի մարզի այս դպրոցներում ներառական կրթություն ստանում են հաշմանդամություն ունեցող շուրջ 772 երեխաներ, որոնցից 628-ը Գյումրիում են: Թվարկված դպրոցների շարքում չկա Մարալիկի ոչ մի դպրոց:

15-ամյա Լավրենտ Ուռուտյանը ի ծնե հաշմանդամ է: Նա ներառական կրթության ծրագրում ընդգրկվելու հնարավորություն չունի:

-Սովորում եմ 8-րդ դասարանում: Ինձ համար տնային ուսուցում են անում: Ուսուցիչները գալիս են տուն, հանձնարարություն են տալիս: Մի քիչ շատ ու բարդ են հանձնարարությունները, բայց կատարում եմ, -կայքի հետ զրույցում ասաց նա:

«Փյունիկ Հայաստանի հաշմանդամների միություն» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի նախագահ Արմինե Նիկողոսյանն ասում է, որ Լավրենտի կրթությունը թերի է, քանի որ համապատասխան մասնագետներ չեն դասավանդում: Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատող հատուկ ուսուցիչների դեֆիցիտ կա նաեւ այն դպրոցներում, որոնք իրավունք ունեն ներառական կրթություն իրականացնել:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս