Գագիկ Մինասյանը համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի հետ

«Այդպիսի տեսակետը ես չեմ կարող բացարձակապես կիսել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն մտավախությանը, թե սահմանադրական փոփոխություններով միակուսակցական համակարգ ստեղծելու փորձ է արվում, նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նա համաձայն չէ Ռ. Քոչարյանի այդ դիտարկման հետ, հակառակը, կարծում է՝ եթե գործող Սահմանադրությամբ իշխանությունը վերարտադրվելու չափազանց մեծ հնարավորություն ունի, ապա նոր Սահմանադրության պարագայում՝ ապահովվում է անցնցում իշխանափոխության հնարավորությունը: Ըստ նրա՝ գործող Սահմանադրության ամենակարևոր թերությունն այն է, որ այն ունի 2 առաջնային մանդատ՝ նախագահի ինստիտուտը և խորհրդարանը: «Կա՛մ այս առաջնային մանդատ ունեցողները նույն քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, կա՛մ տարբեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են, դա այն է, որը մեզանում երբեք չի եղել, և Աստված տա՝ հանկարծ երբևէ չլինի, որովհետև, եթե նրանք տարբեր քաղաքական թիմեր են ներկայացնում, անվտանգության տեսակետից՝ դա անթույլատրելի ճոխություն է մեզ նման երկրի համար, որը գտնվում է ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում: Բայց այն տարբերակը, որը միշտ եղել է, նա էլ մի լավ բան չէ, այստեղ էլ մենք ունենում ենք իշխանության գերկենտրոնացում»:

Գ. Մինասյանի համոզմամբ, Սահմանադրության նոր տարբերակն անցնցում իշխանափոխության հնարավորություն տալիս է: «Մեծամասնական համակարգի վերացումից հետո, քանի որ երբեք որևէ ընտրությունում համամասնական ընտրակարգով իշխանությանը չի հաջողվել 50 տոկոս և ավելին հավաքել, ապագայում առավել հստակ կարելի է ասել, որ չի հաջողվելու, ու սա տանելու է ոչ թե որևէ կուսակցության դոմինանտ դերի պահպանման, այլ ճիշտ հակառակը՝ կոալիցիաների և իրական քաղաքակիրթ երկրներին հատուկ կուսակցական համակարգի ձևավորման»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս