Մաքսային կարգավորումների փոփոխություններ՝ ներքին արտադրողի համար
Կառավարությունը հաստատել է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը: Այս որոշման ընդունումը պայմանավորված է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 206-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով, պայմանով, որ վերամշակված ապրանքները կտեղադրվեն «բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կարող են կիրառվել վերամշակված ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափեր: Համաձայն վերոնշյալ օրենքի համապատասխան հոդվածի` այդպիսի ապրանքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Փաստորեն, եթե «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով հանրապետություն ներմուծվող ապրանքները (հումք ու նյութերը կամ կոմպլեկտավորող մասերը) ծառայում են վերջնական արտադրանք ստանալու համար, ապա ներմուծված ապրանքների համար կգանձվի մաքսատուրք պատրաստի արտադրանքի համար նախատեսված մաքսատուրքի դրույքաչափով` եթե պատրաստի արտադրանքի դրույքաչափն ավելի ցածր է ներմուծված ապրանքների դրույքաչափից: Ընդունված որոշումը կնպաստի հանրապետությունում ներքին արտադրողի համար բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը:
Գործադիրն ընդունել է «Հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չպահանջող ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը սահմանելու մասին» որոշում: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով ամրագրված է, որ ՀՀ կառավարությունը, Միության հանձնաժողովի որոշմանը համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում: