Բաժիններ՝

Կառավարությունը որոշում է ընդունել՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու վերաբերյալ

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2008թ.-ից՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված, սակայն ծրագրի շրջանակում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում:

Ծրագրի շահառու է ճանաչվել 5363 ընտանիք, որոնցից 2015 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ 4383 ընտանիքների բնակարանային խնդիրն արդեն իսկ լուծվել է: Արդյունքում դեռևս լուծման կարիք ունի 965 ընտանիքի բնակարանային խնդիր, որին նախատեսվում է անդրադառնալ 2015-2016 թվականների ընթացքում՝ փուլային մոտեցման կիրառմամբ: Որոշմամբ նախատեսվում է 2015թ. առաջնահերթ կարգով անդրադառնալ Վանաձոր քաղաքում ծրագրի շահառու ճանաչված 14, Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված 13 ընտանիքների բնակարանային խնդիրներին, ինչի համար կպահանջվի 105 մլն դրամ: Որոշմամբ առաջարկվում է նաև մեկնարկել 250 ընտանիքների բնակարանների գնման վկայականների տրամադրման գործընթացի 2-րդ փուլը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը վարչապետը նշել է. «Կարծում եմ՝ Գյումրու այս ծրագրի մասին պետք է շատ խոսենք, ներկայացնենք: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ 2008թ.-ից մոտ 200 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար է հատկացվել այդ գործընթացին: Մարդկանց սեփականության վկայագրեր տալով հարցին լուծում ենք տալիս: Պետք է այս գործընթացը մենք հետևողական տանենք առաջ և ավարտենք, պարոն Սարգսյան, խնդրում եմ ուշադիր լինեք և հետևեք այդ բոլոր ծրագրերի իրականացմանը»:

Գործադիրն ընդունել է որոշում, որով կկարգավորվի Գյումրի քաղաքի Մուշ-2 և Անի թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից կառուցված թվով 38 բազմաբնակարան շենքերի նկուղների, ինչպես նաև չկառուցապատված հողամասերի հետագա տնօրինման հետ կապված հարցերը՝ դրանք Գյումրու համայնքին նվիրելու միջոցով: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում ընկերությունը կառուցել է այդ բազմաբնակարան շենքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս