«Այդ վերջում, խնդրում եմ, քիչ խոսեք, ոնց որ լավ չեք հասկանում հա՞, որ մի անգամ ասում ենք». Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց կառավարության անդամներին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով առաջարկվում է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հատկացված 34 ծառայողական մեքենաների թիվն ավելացնել՝ դարձնելով 54:
Որոշման նախագիծը ներկայացցնող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հասկանալով հարցադրումները, որոնք կարող են առաջանալ, խնդիրը, որ կարող է քննարկման առարկա դառնալ, անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ամենայն ուշադրությամբ ուսումնասիրվել է ավտոմեքենաների հատկացման և ձեռքբերման անհրաժեշտությունը.
«Խոսքը վերաբերում է նրան, որ, սրանք ուզում եմ հատուկ ընդգծել, ոչ թե կոնկրետ անձի սպասարկման համար է հատկացվում, այլ ծառայությանն է հատկացվում՝ կոնկրետ տարածքներին, տրամադրվում է ծառայությանը՝ նկատի ունենալով աշխատանքային արդյունավետությունը, որովհետև հաշվի առնելով այն, որ կատարողական վարույթների թիվը 6 անգամ ավելացել է, քաղաքացիների շահերի պաշտպանության հետ կապված իրականում ժամկետների ձգձգման խնդիր է առաջանում, և նաև ծախսերը, որոնք կատարվում են կոնկրետ գործողություններ կատարելու ժամանակ, բավականին ծախսատար են և պարբերական բնույթ են կրում:
Երկրորդ կարևոր շեշտադրումը՝ սրանք ոչ թե պետական բյուջեի միջոցների հաշվին են ձեռք բերվելու և հատկացվելու բաժիններին, այլ արտաբյուջետային միջոցների հաշվին»,- ասաց նա:
Նախագիծը հաստատվեց, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց ներկաներին. «Այդ վերջում, խնդրում եմ, քիչ խոսեք: Ոնց որ լավ չեք հասկանում հա, որ մի անգամ ասում ենք»: