Զուրաբյանը որպես «Ոչ»-ի շտաբի պետ դիմեց «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ որպես «ոչ»-ի քարոզարշավի համատեղ շտաբի պետ դիմեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ որպես «այո»-ի շտաբի պետի ու նշեց, որ երբ Աբրահամյանը նշանակվեց շտաբի պետ և միաժամանակ անդամներ նշանակվեցին մարզպետներն ու նախարարները, դա հստակ ազդակ էր, որ օգտագործվելու է ադմինիստրատիվ ռեսուրսը:

Ըստ Զուրաբյանի՝ պարզվեց, որ պետական հիմնարկների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների ղեկավարներին հրահանգ է տրված կազմել ցուցակներ ու ճնշումներ են գործադրվում «այո» քվեարկելու: Լ. Զուրաբյանը նախազգուշացրեց, որ 149 հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանված՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով խոչընդոտել  ընտրական իրավունքը: Նրա խոսքով՝ ճնշումներ գործածվում են նաև հանձնաժողովների անդամների վրա. «Այսինքն՝ զանգվածաբար Ձեր շտաբը դրդում է քրեական հանցագործության, որի համար հասնում է 2-3 տարի ազատազրկում»: Լ. Զուրաբյանը հորդորեց՝ մարդկանց զանգվածաբար չդրդել նման հանցագործության:

«Ես խնդրում եմ այս հարթակը՝ օրենսդիր մարմինը, չդարձնենք անհիմն խոսակցությունների հարթակ: «Լսելով» տեղեկատվությունը տարածելը արժանապատիվ գործ չէ: Հիմա Դուք, ինչպես նաև մեր որոշ գործընկերներ, ասում են՝ լսել ենք»,- իր հերթին հորդորեց Հ. Աբրահամյանը:

Նա հետաքրքրվեց, թե կոնկրետ մեկ փաստ կարելի՞ է ասել, որ իրենք հետամուտ լինեն  և պատասխանատվության ենթարկեն նշված քրեական հոդվածով. «Ես խնդրում եմ գոնե մեկ դեպք ներկայացնեք այս արժանապատիվ հարթակից»:

Կարդացեք նաև

Լ. Զուրաբյանը, սակայն, կոնկրետ դեպք չկարողացավ ներկայացնել ու հայտարարեց, թե այս պրոցեսի մեջ ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ՝ ուսուցիչներ, հիվանդանոցների աշխատակիցներ, և բոլորը տեղյակ են, թե ինչ է կատարվում. «Հիմա եթե  հարց է դրվում՝ ե՞ս եմ ճիշտ ասում, թե՞ Դուք, իմացեք այս մասով ամբողջ բնակչությունը իմանալով, թե ինչ է կատարվում, որովհետև դա վերաբերում է բոլորին, արդեն այդ դատավճիռը կայացրել է: Բնակչությունը գիտի՝ ես եմ ճիշտ ասում, թե Դուք: Իսկ կոնկրետ դեպքի մասով, եթե գտնենք այն համարձակ մարդուն ով պատրաստ է Ձեր բռնաճնշումների, իրավական համակարգի ճնշումներին դիմակայի, այդքան համարձակություն կունենա իր կյանքը կամ աշխատանքը վտանգի, որովետև մարդիկ շատ լավ հասկանում են, որ եթե գնան նման համարձակ քայլերի, և՛ բռնատիրության կենթարկվեն, և՛ կկորցնեն իրենց աշխատանքը: Ամեն դեպքում, ժողովուրդը գիտի ճշմարտությունը»:

Հովիկ Աբրահամյանը խորհուրդ տվեց կակածի տակ չդնել մարդկանց համարձակությունը, իսկ եթե կա նման դեպք, նա հորդորեց դիմել անձամբ իրեն. «Որևէ մի ցուցում չի գնացել տեղական շտաբի, որ մարդկանց ստիպեն գնալ հանրաքվեին, ասել «այո»»: Նա անհասկանալի անվանեց «ոչ»-ի հայտարությունը, որ ինքն այցելել էր Արագածոտնի մարզ՝ «այո»-ի քարոզի համար: Ըստ Աբրահամյանի՝ ինքն ընդհանրապես կապ չունի շոուների հետ, իսկ իր ամբողջ խոսակցությունը ձայնագրվել է լրագրողների կողմից, և որևէ «այո» բառ չի հնչել:

«Մենք գնալու ենք արդար հանրաքվեի, հանրությունն է որոշելու,- հայտարարեց վարչապետն ու հավելեց,- Մենք պատրաստ ենք մեր ծրագրերի ու քայլերի համար պատասխան տալ»:

Տեսանյութեր

Լրահոս