Բաժիններ՝

Ավարտվել է ավագ քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Էդգար Վարդապետյանը, քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին չկատարելու և առանց մանկավարժի մասնակցության անչափահաս տուժողին հարցաքննելու համար քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի, քննչական բաժնի ղեկավարության բացասական վերաբերմունքին չարժանանալու ու կարգապահական պատասխանատվության չենթարկվելու անձնական այլ դրդումներից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ Էդգար Վարդապետյանը` Շ. Խ.-ի կողմից 16 տարին չլրացած Ա. Ղ.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ հարուցված և իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում առանց մանկավարժի մասնակցության` որպես անչափահաս տուժող, հարցաքննել է Ա. Ղ.-ին՝ վերջինիս հարցաքննության արձանագրության մեջ ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելով հարցաքննության կատարման ժամերի վերաբերյալ:

Բացի այդ, անգլերեն լեզվի, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում ունեցող Սեդա Խ.-ի միջոցով Է. Վարդապետյանը վերը նշված արձանագրության մեջ ակնհայտ կեղծ գրառում է մտցրել, թե, իբր, վերջինս որպես մանկավարժ մասնակցել է Ա. Ղ.-ի հարցաքննությանը: Այնուհետև ավագ քննիչը, կեղծ արձանագրությունը կցելով քրեական գործին, այն դրել է շրջանառության մեջ:

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար Էդգար Վարդապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ պաշտոնատար անձի կողմից անձնական այլ դրդումներով պաշտոնական փաստաթղթում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառում մտցնելուն, ինչպես նաև կեղծ փաստաթուղթ կազմելուն կամ հանձնելուն օժանդակելու համար Սեդա Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս