Այս տարի ամերիկյան ներդրումները կազմել են 8 մլն դոլար
Այսօր Երևանում կառավարության ընդունելությունների տանը մեկնարկեց Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստը: ԱՄՆ պատվիրակության ղեկավար, ամերիկյան կողմի համանախագահ, ԱՄՆ Առևտրի փոխներկայացուցչի տեղակալ Էլիզաբեթ (Բեթսի) Հաֆները հանդիպումն անվանեց պատմական: Ըստ նրա՝ կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի ավարտը և համաժողովը ապացույցներ են երկկողմ նպատակների, բայց սա ուղղակի սկիզբն է: Է. Հաֆները համոզվածություն հայտնեց, որ հնարավորությունները մեծ են, պատվիրակությունները կքննարկեն, ներդրումների հնարավորությունները:
«Մեր հանձնառությունը չի սահմանափակվում սրանով, սա ուղղակի սկզիբն է և աշխատանքը սկսվում է այս պահից: Որպեսզի մենք կարողանանք ապահովել առաջընթաց, պետք է քննարկումները շարունակենք: Մենք միտք ունենք քննարկումները առաջիկա տարիներին խորացնել, որ կոնկրետ արդյունքներ ապահովենք,- ասաց Է.Հաֆները՝ բարձր գնահատելով մասնավոր հատվածի մասնակցությունը,- Իրենց հաջողությունը մեր հաջողությունն է, մեր հաջողությունը իրենց հաջողությունն է լինելու: Ես կուզենայի տնտեսական կապերը բարգավաճեն և առաջ գնան»:
Հայաստանի պատվիրակության ղեկավար, Խորհրդի նիստի հայկական կողմի համանախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ պետք է մշակեն օտարերկյա ներդրումները խրախուսելու համար տարբեր սխեմաներ, ներդրվելու է բիզնես օմբուդսմենի ինստիտուտը, աշխատանքներ են տարվում օրենսդրության բարելավման համար, նաև կվերանայվի օտարերկրյա ներդրումների մասին գործող օրենքը:
«Բազմաթիվ ոլորտներում ունենք չօգտագործված հնարավորություններ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս տարվա սկզբից ամերիկյան ներդրումները կազմել են 8 մլն դոլար, իսկ ՀՀ անկախությունից ի վեր՝ 356 մլն դոլար: Նա նշեց, որ հաջորդ տարի կկայանա ներդրումային համաժողով:
Նիստին մասնակցում են Հայաստանի և ԱՄՆ պաշտոնյաներ, փորձագետներ, բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք արդեն փակ դռների ետևում քննարկում են Հայաստանի և ԱՄՆ միջև փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների աճի հնարավորություններն ու հեռանկարները: