«Լավ կլիներ՝ կառավարությունն ավելի հավակնոտ նախագիծ ներկայացներ». Գագիկ Խաչատրյան
2016 թ. համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 2.2%-ի չափով, գնաճը՝ 4%±1.5%: 2016 թ. պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1 տրլն 183.0 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1 տրլն 373.74 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 190.74 մլրդ դրամ: Այսօր ԱԺ նիստում 2016թ. բյուջեի նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ վերջին 10 տարում հանրային մուտքերը կրկնապատկվել են, սակայն ներկա տնտեսական իրողությունների պայմաններում նման հնարավորություններ չկան:
«Նախորդ տարվանից նկատվող տնտեսական իրողությունները օբյեկտիվ պատճառներ ունեն և առավելապես պայմանավորված արտաքին, մեր կողմից անվերահսկելի գործոնները դեռևս շարունակվում են, իսկ առանձին ուղղություններով ավելի են խորանում»,- ասաց Գ.Խաչատրյանը՝ մասնավորապես նշելով օտարերկրյա ներդրումների նվազող ծավալները, հատկապես ՌԴ-ից ստացվող տրանսֆերտների մակարդակը, կրճատվող վճարունակ պահանջարկը, տնտեսական ակտիվության ոչ այնքան բարձր մակարդակը չեն նպաստում հարկային մուտքերի բարձր մակարդակին: «Լավ կլիներ՝ կառավարությունն ավելի հավակնոտ նախագիծ ներկայացներ»,- նկատեց Գ.Խաչատրյանը: