
«Եթե ես նման բան ասեի, իմ գլուխը կպոկեին, եթե չեն պոկել, ուրեմն՝ նման բան չի եղել». Լևոն Մարտիրոսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հերքում է, թե ինքը ԼՂՀ հողերը հանձնելու վերաբերյալ հայտարարություն է արել:
«Ես պետք է ձեզ հիասթափեցնեմ, ես նման հայտարարություն չեմ արել»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը՝ խոսելով իր՝ վերջերս բուռն քննարկման և քննադատությունների առարկա դարձած հայտարարության մասին:
Հիշեցնենք, որ օրերս ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ հղում կատարելով իր հավաստի աղբյուրներին, վերլուծական հրապարակման մեջ գրել էր, թե ներկայումս քննարկվում է, որ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնելու տարածքների մեծ մասի վերահսկողությունը՝ պահելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, և հնարավոր է` ևս մեկը։ Լ. Մարտիրոսյանն էլ, ըստ նույն լրատվամիջոցի, հայտարարել էր, թե չի բացառվում, որ կգա մի պահ, երբ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կոմպրոմիսային լուծման շրջանակներում կհանձնվեն Ադրբեջանին:
«Մենք ապրում ենք 21-րդ դարում, ինտերնետիզացված հասարակություն է, այն մտքերը, որ ինձ վերագրում են, տեսանյութ կա, կարելի է դիտել ու տեսնել, որ ես նման բան չեմ ասում: Լրատվամիջոցներից մեկը որոշել է այդ տեսանյութի վերևում դնել մի վերնագիր, որն իմ բառերի հետ բացարձակապես կապ չունի, և դրանից ինչ-որ բան սարքեցինք: Դա այն աստիճանի դատարկ թեմա է, որ նույնիսկ ծիծաղելի է»,- հայտարարեց Լ. Մարտիրոսյանը:
Նա պարզաբանեց, որ ինքն ասել է այն, ինչը վերջին 25 տարվա մեջ բոլոր մեր քաղաքական գործիչներն ասել են. «Այն, որ փոխզիջումային տարբերակ միշտ էլ քննարկվել է, միշտ էլ ՀՀ-ն փոխզիջումային տարբերակի մասին խոսել է: Ես չեմ ասել՝ ես ուզում եմ կամ պահանջում եմ հողեր հանձնել, դա աբսուրդի թատրոն է:
Եթե ես նման բան ասեի, ինչպես ներկայացվում է, իմ գլուխը կպոկեին, եթե չեն պոկել, ուրեմն՝ նման բան չի եղել»:
Լ. Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ ինքը նկատողություն էլ չի ստացել իր հայտարարության համար: