«Արցախյան օրերը Մոսկվայում» անցել են բարձր մակարդակով. ԼՂՀ նախագահ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցված Սուրբ պատարագին եւ դրանից հետո «Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին ու տոնական միջոցառումներին:
նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ «Արցախյան օրերը Մոսկվայում» անցել են բարձր մակարդակով` կարեւորելով դրանց նշանակությունը մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտները ռուսաստանյան հանրությանը ներկայացնելու, Սփյուռք-Արցախ փոխգործակցությունն ամրապնդելու տեսանկյուններից:
Միջոցառումներին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռուսաստանի հասարակական, գիտակրթական եւ մշակութային շրջանակի ներկայացուցիչներ, հայկական համայնքի հազարավոր անդամներ: