«Գուցե Բակո Սահակյանն է ցանկանում, որ օդանավակայանն օգտագործվի, բայց Ռուսաստանը դա չի անի». Պավել Ֆելգենգաուեր
«Պաշտոնական Մոսկվան մտադիր չէ Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործել սիրիական ճգնաժամում։ Չկա դրա ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական անհրաժեշտությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս հեղինակավոր ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանը հակաահաբեկչական գործողություններում, մասնավորապես՝ սիրիական հակամարտությունում օգտագործելու՝ Ռուսաստանի մտադրություններին, դրա ռազմական և քաղաքական անհրաժեշտությանը և օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հնչեցրած աղմկահարույց հայտարարությանը։
Նա նշեց, որ պաշտոնական Մոսկվան նման մտադրություններ չունի։ Ավելին, ըստ Ֆելգենգաուերի, եթե նույնիսկ ունենար, նման քայլի չէր դիմի, քանի որ դա Ռուսաստանի համար լուրջ խնդիրներ կստեղծեր առաջին հերթին՝ Ադրբեջանի հետ։ Երկրորդ, նրա խոսքով, Ռուսաստանն արդեն ունի իրեն այս պահին բավարարող ռազմական ներկայություն Հայաստանում՝ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաների տեսքով։
«Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործմամբ Ռուսաստանն իր գլխին լուրջ խնդիրներ կլցնի, որի ո՛չ ռազմական և ո՛չ էլ քաղաքական անհրաժեշտությունն այս պահին չկա»,- ասաց Ֆելգենգաուերը՝ շարունակելով, որ օդանավակայանի օգտագործումը կհարուցի Բաքվի դժգոհությունը, ում հետ հարաբերությունները Մոսկվան վերջերս է կարողացել փոքր-ինչ կարգավորել։
Ռազմական վերլուծաբանը ենթադրում է, որ ԼՂՀ նախագահն է ցանկանում, որպեսզի Ռուսաստանն օգտագործի Ստեփանակերտը, բայց Ռուսաստանի իշխանությունները նման բան չեն անի։ «Մենք միտումնավոր կերպով պետք է բարդացնենք մեր հարաբերությունները Բաքվի և Արևմուտքի հետ այն դեպքում, երբ չենք կարգավորել մեր հարաբերություններն Արևմուտքի հետ, առավել ևս՝ շարունակվում է սիրիական ճգնաժամը, որում ներգրավված է նաև Ռուսաստանը։ Մեզ նոր հակամարտություններ այս պահին պետք չեն, ուստի օդանավակայանը չի օգտագործվի, եթե նույնիսկ կարիք լինի թռչել Ստեփանակերտ»,- ասաց Ֆելգենգաուերը։
Խոսելով հայ վերլուծաբանների այն կարծիքների մասին, թե այդ քայլին գնալով՝ Ռուսաստանը հեշտությամբ կարող է նաև խաղաղապահ առաքելություն սկսել Ղարաբաղում, դրանով իսկ կարգավորման գործընթացը տանելով իրեն ցանկալի հունով՝ Ֆելգենգաուերն ասաց, որ ԼՂ հակամարտության գոտում առկա ստատուս-քվոն շարունակում է գոհացնել ռուսական կողմին։
«Քանի որ այս պահին կարգավորման հեռանկարներ չկան, Մինսկի խմբում աշխատանքը բավարարում է Ռուսաստանին։ Այս պահին ՄԽ-ում արևմտյան համանախագահների հետ կոնսոլիդացված աշխատանքը նույնիսկ անհրաժեշտ է Ռուսաստանին՝ ապացուցելու համար, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև կան շփման գոնե մի քանի հարթակներ, որոնցից մեկը ԼՂ հակամարտությունն է, ուստի այստեղ Ռուսաստանն անակնկալ քայլերի չի գնա»,- մեկնաբանեց Պավել Ֆելգենգաուերը։