«Առաջարկվող տարբերակով Բաղրամյան 26-ի ամենազորեղ աթոռը պարզապես տեղափոխվում է այլ հասցե». Ստյոպա Սաֆարյան
«Չափազանց մեծ ռիսկեր եմ տեսնում և համոզված եմ, որ այն, ինչ այսօր հայտարարվում է առաջարկվող տարբերակի մասով, հետագայում դժվար թե տեսնենք»,- այսօրվա քննարկման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նա նշեց, որ սահմանադրական ցանկացած փոփոխության դեպքում ամենակարևոր խնդիրը եղել և մնում է իշխանության ճյուղերի ճշգրիտ տարանջատումը և իսկապես հակակշիռների ստեղծումը.
«Գործող Սահմանադրությունից իշխանության ճյուղերի բաժանումը կատարելապես բացակայում է, և մենք դա տեսնում ենք: Եթե չլինեին այլ հանգամանքներ, ապա միայն այս հանգամանքի համար այդ Սահմանադրությունը պետք է փոխվեր: Բայց ի՞նչ ունենք մենք առաջարկվող նախագծում: Արդյոք ունե՞նք իշխանության ճյուղերի տարանջատում: Ես դա չեմ տեսնում առաջարկվող տարբերակում: Իմ գնահատականը եղել և մնում է այն, որ առաջարկվող տարբերակով Բաղրամյան 26-ի ամենազորեղ աթոռը պարզապես տեղափոխվում է այլ հասցե, և ոչ ավելին»:
Ըստ նրա` եթե տարանջատման խնդիրը լուծված չէ , մնացած գլուխներն ինչքան էլ գեղեցիկ գրված լինեն` չեն աշխատելու. «Ինչպես հիմա գործող Սահմանադրության մեջ չի աշխատում գեղեցիկ շարադրված մարդու իրավունքների բաժինը: Այդ բաժինն ուղղակի մնացել է թղթի վրա այն պարզ պատճառով, որ չունենք անկախ Օրենսդիր իշխանություն, որը լիարժեք կվերահսկեր Գործադիր իշխանության աշխատանքը: Իսկ նոր նախագծի Մարդու իրավունքների բաժնում ակնհայտ է ետնահանջ՝ և՛ ձևակերպումների, և՛ շեշտադրումներից, և՛ դրանց ապահովման մեխանիզմների առումով»:
Ս. Սաֆարյանը ժողովրդավարության առումով ևս հետնահանջ է տեսնում առաջարկվող նախագծում. «Միայն այն, որ ուղիղ ընտրությունների թիվը պակասում է առաջարկվող տարբերակով, արդեն ժողովրդավարության ետնահանջի մասին է խոսում»:
Նա նաև նշեց, որ միակուսակցական համակարգի վտանգ, իհարկե, կար և դա տեսել ենք, բայց ըստ նրա՝ նորից վտանգ կա, որ քաղաքական իշխանությունը կարող է կենտրոնանալ մեկ կուսակցության ձեռքում։
Ստյոպա Սաֆարյանը չի կիսում այն «ոչ»-ը, որն, ըստ նրա՝ կրկնում է, որ գործող սահմանադրությունը լավն է. «Ես կողմ եմ խորհրդարանական համակարգին, բայց չեմ կարող համարել որ այն խորհրդարանական համակարգն է առաջարկվում, որն ինքս եմ պատկերացնում»: