«Դա Հայաստանին նախազգուշացումների շարք է». Ա. Կարապետյանը «Կոմերսանտ»-ի՝ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու հոդվածի մասին

«Լռությունը հազար դարդին դարման է, այդ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին ճիշտ կլիներ հենց սա խորհուրդ տալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե չի բացառվում, որ կգա մի պահ, երբ ԼՂՀ ազատագրված որոշ տարածքներ կոմպրոմիսային լուծման շրջանակներում կհանձնվեն Ադրբեջանին՝ նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ օրերս ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին, իր վերլուծականում գրել էր, թե ներկայումս քննարկվում է, որ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնելու տարածքների մեծ մասի վերահսկողությունը, պահելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, և հնարավոր է` ևս մեկը։

Ա. Կարապետյանն անդրադառնալով Լ. Մարտիրոսյանի՝ վերոնշյալ վերլուծականի վերաբերյալ արած մեկնաբանությանը՝ նշեց, որ ՀՀԿ-ականների կողմից բաներ են ասվում, որոնք ո՛չ մի ձևով չեն համապատասխանում ոչ պետական քաղաքական գծին, ո՛չ Սերժ Սարգսյանի կարծիքին. «Հետո գործադիր նիստ է լինում, նիստին ասում են՝ ստահոդ լուրեր են, մարդը չի էլ իմացել ստահոդ լուր է ու մեկնաբանել է, այսինքն՝ այնքան անլրջություն է, որ անգամ բան չկա ասելու»:

Խոսելով «Կոմերսանտի» հրապարակման մասին՝ Ա. Կարապետյանը նշեց, որ իր տպավորությամբ՝ դա ինչ-որ տեղ Հայաստանին նախազգուշացումների «շարք է», որ այսպիսի թեմա կարող է ծագել. «Սա մեսիջ է, որ նման թեմա կարող է դառնալ ակտուալ»:

Տեսանյութեր

Լրահոս