«Սա հայկական դիվանագիտության խոշոր պարտությունն է». Արամ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցի մասին
«Այս անգամ կհամաձայնեմ, որ Լավրովի այցը իսկապես Էդուարդ Նալբանդյանի հրավերն էր, առաջին հերթին կապում եմ ԵԽԽՎ-ում Ուոլթերի ելույթի ու դրանից հետո ընդունված խայտառակ փաստաթղթի հետ, քանի որ իմ կարծիքով՝ միայն խավիարային դիվանագիտությամբ նման հարցերը չեն լուծում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Բանախոսի խոսքով՝ ԵԽԽՎ-ն նեղացած է Հայաստանից` Ռուսաստանի հետ կապված խնդիրներով, և ԵԽԽՎ-ն փորձեց «Հայաստանին տեղը դնել». «Պարզ է, որ Է. Նալբանդյանը, հասկանալով այդ ամենը, Լավրովին ասեց ՝ եկեք տեսնենք՝ ինչ է լինելու: Կարծում եմ՝ Լավրովն ինքն ասաց, որ սեպտեմբերի 7-ի պայմանավորվածությունները Վ.Պուտինը պատրաստ է կատարել, հայկական կողմին հիշեցնում է, որ դուք էլ ինչ-որ պայմանավորվածություններ ունեք, խնդիրն ավելի շատ չէր վերաբերվում սիրիական խնդիրներին, այլ նրան, որ կարելի է Հայաստանի տարածքն ինչ-որ ճանապարհով օգտագործել ապագայում»:
Ըստ Ա. Կարապետյանի՝ կարևորագույն խնդիրը, որ Հայաստանի համար այդ կոնտեքստում լուծվեց, համատեղ հակաօդային պաշտպանության համաձայնագիրն էր Ռուսաստանի հետ: Նրա խոսքով՝ աշխարհի ուժային կենտրոնները նշում են, որ Ղարաբաղյան հարցի լուծումը մնում է «ստատուս քվոն», ու ըստ նրա՝ դրանով է պայմանավորված Ադրբեջանի ակտվությունը սահմանին:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հրապարակված հակահայկական զեկույցին՝ Ա. Կարապետյանը նշեց, որ մեծ քաղաքանության մեջ չի կարելի որևէ մանրուք աչքաթող անել. «Իմ կարծիքով, յուրաքանչյուր նմանատիպ փաստաթուղթ ավելանալով՝ քանակը կարող է որակական փոփոխության բերել: Սա հայկական դիվանագիտության խոշոր պարտությունն է»: