
«Այո և Ոչ» ռեալիթի շոուն՝ ուղիղ եթերում. «Ա1+»

Արդեն մեկնարկել է հայկական հեռուստաեթերում ու քարոզարշավի ձևաչափում ոչ ստանդարտ «Այո եւ Ոչ» հեռուստանախագիծը:
Սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ 16 քաղաքական ու հասարակական գործիչներ մեկնել են Հայաստանի մարզեր, լինելու են փոքր ու մեծ գյուղերում եւ քաղաքներում: Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը լինելու է հյուսիսային մարզերում, մյուսը՝ հարավայիններում:
Այո-ներն ու ոչ-երը միաժամանակ և նույն հարթակից ներկայացնելու են իրենց տեսակետերը՝ դեմ առ դեմ:
Հանդիպումներն ու քննարկումները հեռարձակվելու են «Ա1+»-ի ուղիղ եթերում, ամեն օր ժամը 11:00-23:00, այսօրվանից՝ նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 2-ը:
Հեռուստանախագիծը «Արմնյուզի» և «Ա1+»-ի համատեղ արտադրանքն է: Այն 12 ժամ անընդմեջ հեռարձակվելու է «Յուքոմ» ցանցի «Արմնյուզ» հեռուստաալիքով և «Ա1+»-ի կայքում:
Ռեալիթի շոուն պարբերաբար հնարավոր է լինելու դիտել նաև «Արմնյուզի» եթերում: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մարզային հեռուստատեսությունների հետ: Նրանք ևս միացել են հեռուստանախագծին և կարող են վերահեռարձակել եթերը։