UWC քոլեջներում ընդունելության հայտերը ընդունվում են մինչև նոյեմբերի 17-ը
UWC Հայաստանի ազգային կոմիտեն հայտնում է, որ UWC համակարգում 2016-2018 թթ. ուսանելու համար ՀՀ քաղաքացիների հայտերը ընդունվելու են մինչեւ նոյեմբերի 17-ը ներառյալ:
UWC քոլեջներ ընդունվում են սոցիալապես ակտիվ եւ ստեղծագործ 16-17 տարեկան պատանիներ: UWC-ում գործում է ուսման դրամաշնորհների համակարգ, որը թույլ է տալիս ուսանողներին կրթություն ստանալ UWC քոլեջներում՝ անկախ ծնողների ֆինանսական հնարավորություններից: Ուսանողները ընտրվում են երկրների ազգային կոմիտեների կողմից:
Ուսման հայտերը ընդունվում են UWC Հայաստանի ազգային կոմիտեի կայքում:
UWC-ն (United World Colleges) կրթական համակարգ է, որն ստեղծվել է 1962 թ-ին: Այն ներառում է 15 քոլեջ` ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հայաստանում, Սինգապուրում, Իտալիայում, Հոլանդիայում, Նորվեգիայում, Հնդկաստանում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Չինաստանում, Կոստա Ռիկայում եւ Սվազիլենդում: UWC քոլեջներում ուսուցումը անցկացվում է Միջազգային բակալավրիատի (IB) երկամյա նախաբուհական ծրագրով՝ անգլերեն լեզվով:
UWC Dilijan College-ը բացվել է 2014 թվականին: Այս տարի քոլեջում սովորում են 190 պատանիներ աշխարհի 64 երկրից՝ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՊՀ այլ երկրներից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայից եւ Ավստրալիայից:
UWC համակարգում ընդգրկված են հայաստանցի 43 ուսանողներ, որոնցից 21-ը սովորում են UWC Dilijan College-ում:
UWC Հայաստանի ազգային կոմիտեն ակնկալում է, որ 2016–2018 ուսումնական շրջանի համար միացյալ ցանցի քոլեջները Հայաստանի թեկնածուներին մինչեւ քսան տեղ կհատկացնեն: 2016 թվականին Հայաստանի ուսանողներին տեղեր կառաջարկի UWC ցանցի 8 քոլեջ՝ UWC Dilijan-ը (Հայաստան), UWC Adriatic-ը (Իտալիա), UWC Changshu China-ն (Չինաստան), UWC Maastricht-ը (Նիդեռլանդներ), UWC Mahindra College-ը (Հնդկաստան), UWC Robert Bosch College-ը (Գերմանիա), UWC South East Asia-ն (Սինգապուր) եւ UWC USA-ն (ԱՄՆ):