«Հայ-ռուսական և կովկասյան միասնական ՀՕՊ-ի թիրախը Թուրքիան և Վրաստանն են». ռուսաստանցի ռազմական փորձագետ
«Կովկասյան տարածաշրջանում ստեղծված միասնական ՀՕՊ համակարգն ուղղված է ՆԱՏՕ-ական կառույցների դեմ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը` մեկնաբանելով Կովկասում Հայաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման նպատակները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Կովկասում Հայաստանի հետ համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման մասին համաձայնագիր: «Ընդունել ՌԴ կառավարության առաջարկությունը՝ ստորագրել համաձայնագիր ՌԴ-ի ու Հայաստանի Հանրապետության միջև հավաքական անվտանգության Կովկասյան շրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին: Հանձնարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը Ռուսաստանի ԱԳՆ-ի մասնակցությամբ անցկացնել բանակցություններ հայկական կողմի հետ՝ համաձայնություն ձեռք բերելու՝ ՌԴ-ի անունից տորագրել վերոնշյալ համաձայնագիրը՝ թույլ տալով այն ներառել նախագծում, որը հավանության է արժանացել կառավարության կողմից, փոփոխություններ, որոնք սկզբունքային բնույթ չեն կրում»,- ասվում է փաստաթղթում:
Ռուսաստանցի ռազմական փորձագետը տեղեկացրեց, որ 10 տարի առաջ ստեղծվել է ՀՕՊ համակարգ Բելառուսի հետ, 4 տարի առաջ Հայաստանի հետ, իսկ այս տարի ՀՕՊ-ին միաժամանակ միացել է Ղազախստանը: Նա բացահայտեց ռուսական ՀՕՊ համակարգի թիրախները Կովկասում:
«ՀՕՊ-ն իրենից ներկայացնում է մի համակարգ, որը հիմնականում ուղղված է ՆԱՏՕ-ի դեմ, այսինքն՝ միավորելով այս երկրների օդային համակարգերը, սկսվում է ՆԱՏՕ-ական կառույցների համատեղ վերահսկողություն: Այսինքն` վերահսկում են այս ուժերը, վերահսկում են Թուրքիային և Վրաստանին: Ամենահետաքրքիրը, որ Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը ՆԱՏՕ-ական համակարգի մեջ չեն մտնում: Ռուսաստանը մշտապես խոսում է այն մասին, որ ՆԱՏՕ-ն հանդիսանում է սպառնալիք, իսկ Դուք գիտեք, որ Կովկասյան տարածաշրջանում երկու երկիր ունեն ՆԱՏՕ-ական համակարգ, այսինքն` իրենցից իրական ՆԱՏՕ են ներկայացնում, հաշվի չենք առնում Ադրբեջանին, որն իր հերթին՝ ունի նման հավելյալ համակարգ, բայց հետաքրքիր է, որ ՆԱՏՕ-ն մշտական ներկայություն ունի Վրաստանում, իսկ Ադրբեջանի իրավիճակն այնքան էլ նկատելի չէ ռուսաստայան հասարակության համար, քանի որ Ադրբեջանը վերջին երկու տարիների ընթացքում հեռանում է ՆԱՏՕ-ի համակարգից: Բնականաբար, չի միանա ՀԱՊԿ-ին, բայց հեռանում է ՆԱՏՕ-ից:
Համակարգն արդեն ստեղծված է հինգ տարի առաջ, եթե նայեք փաստաթղթերին, այլ հարց է, որ այդ համակարգին միանում է Ղազախստանը: Բոլոր ՀՕՊ համակարգերն աշխատում են ՀԱՊԿ-ի շրջանակում: Եթե նախկինում ՀՕՊ-ն աշխատում էր Բելառուսի և Ռուսաստանի անվտանգության ապահովման համար, ապա այսօր այդ համակարգի մաս են կազմում ՀԱՊԿ երկրները: Այս համակարգը հնարավորություն կտա բոլոր երկրների ռեսուրսներն օգտագործել»,- նման տեսակետ հայտնեց Անատոլի Ցիգանոկը:
Մեր ճշտող հարցին, թե Ռուսաստանի ցանկության դեպքում հայաստանյան ռեսուրսը կօգտագործվի՞ Թուրքիայի կամ Վրաստանի դեմ, ռուս ռազմական փորձագետը պատասխանեց, որ չի կարծում, թե հայկական ուղղաթիռներն օգտագործվեն Թուրքիայի կամ Վրաստանի դեմ, քանի որ, բացի միասնական գործողություններից, չի բացառվում, որ հայկական ինքնաթիռներն առաջնորդվեն իրենց սեփական ծրագրով՝ անկախ ՀՕՊ-ից:
«Բայց այն, որ ՀՕՊ-ը լինելու է Թուրքիայի և Վրաստանի դեմ, այսինքն` վերահսկողություն է իրականացնելու այս երկու հիմնական ուղղություններով, դա միանշանակ է: Այս ամենը սիրիական հակամարտության հետ չունի որևէ առնչություն, և այս համակարգը Սիրիայում չի օգտագործվի, այնտեղ այլ ստորաբաժանումներ են աշխատում»,- հստակեցրեց ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը: