Արդյոք Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցելության ընթացքում քննարկվե՞լ է ԼՂՀ որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու հարցը
«Բնական է, որ Լավրովի այցելության ընթացքում չէր կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացը՝ հաշվի առնելով Ռուսաստանի՝ համանախագահ լինելու հանգամանքը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցելության ընթացքում քննարկվե՞լ է ԼՂՀ որոշ շրջաններ Ադրբեջանին հանձնելու հարցը:
Հիշեցնենք, որ ռուսական «Կոմերսանտ» թերը գրել էր, որ բանակցություններին մոտ կանգնած ռուսական աղբյուրի տվյալներով, խաղաղ ծրագրի տարբերակներից մեկը, որը ներկայումս քննարկվում է, հետևյալն է՝ հայերն Ադրբեջանին են վերադարձնում Ղարաբաղի շուրջ իրենց զավթած ադրբեջանական տարածքների մեծ մասի վերահսկողությունը, պահելով Լաչինի միջանցքը, որն ապահովում է Հայաստանի հետ կապը, և հնարավոր է՝ ևս մեկը:
Ճշտող հարցին՝ արդյոք տարածքների հանձնման հարց քննարկվե՞լ է, փոխնախարարը պատասխանեց, որ հանդիպմանը չի մասնակցել, այս պահին տեղեկություն չունի: Հարցին՝ արդյոք քննարկվում է նման տարբերակ, նա պատասխանեց. «Բազմիցս անդրադարձ եղել է այդ հարցերին, ամենատարբեր առիթներով խոսվել է, որ առհասարակ գոյություն ունեն Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկներ: Խոսքը վերաբերում է համապարփակ կարգավորմանը և այստեղ առանձնացնել, ինչ-որ էլեմենտների մասին առանձին խոսել, քննարկել անընդունել է ոչ միայն մեզ համար, նաև համանախագահների»: