«Լավ ա` զանգին պատասխանել ես». Հովիկ Աբրահամյանը՝ նախարարի տեղակալին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան: Այն կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը` նշելով, թե մեթոդիկայի կազմման ընթացքում հաշվի առնվել մեր, այլ երկրների, մասնավորապես՝ ԱՊՀ և եվրոպական երկրների փորձը և նշեց, որ հարցը կարևոր է:
Նա նշեց, որ նախորդ տարվա մարտ ամսին կառավարությունը հաստատել է նմանատիպ որոշում՝ բնական գազի բաշխման համակարգի համար և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բավական շոշափելի արդյունք են տվել: Նախարարի տեղակալը մեկ օր ժամանակ խնդրեց. «Երեկ նախագահականից զանգ տվեցին՝ իրավաբանականից, այստեղ տեխնիկական բնույթի շտկելու հարց կա: Խնդրում եմ մեկ օր ժամանակ՝ շտկելու համար»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ օր ժամանակ տվեց՝ նշելով. «Լավ ա՝ զանգին պատասխանել ես: Բա որ չպատասխաներ, ի՞նչ պիտի անեիք»:
Հաջորդ հարցը քննարկման ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ևս ժամանակ խնդրեց, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մի պահ ոնց որ այդ ավանդույթը վերացրել էինք, բայց նորից սկսում են: Կարծում եմ, պարոն Հարությունյան, այդ հարցերին նորից պիտի անդրադառնանք: Ամեն հարցին նորից՝ մեկ, երկու օր ժամանակ: Նույնիսկ եթե տեխնիկական են, ժամանակի ընթացքում դրանք լուծել է պետք»: Իսկ երբ քննարկվող հարցը ներկայացնելիս լրացուցիչ ժամանակ խնդրեց նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես չխոսեմ»: