«Միայն օրենք ընդունելը բավարար չէ, պետք է քայլեր կատարել». Գագիկ Խաչատրյանը՝ Սահմանադրության մասին

«Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ պաշտոնյաների կյանքը չի վատանում, պաշտոնյաների մեծ մասը գիշերը չեն կարողանում քնել»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է միայն պաշտոնյաների կյանքը լավանում, իսկ հասարակ ժողովրդի կյանքը վատանում է:

Լրագրողներից մեկի հեգնական հարցին՝ պաշտոնյաներն իրենց գումարնե՞րն են հաշվում, թե՞ երկրի վիճակի մասին են մտածում, որ չեն քնում, նախարարն այսպես արձագանքեց. «Չէ, իրենց գումարները հաշվողներ կան, եթե պետական պաշտոնյան մտածում է՝ իր պաշտոնը վայելքի համար է, բնականաբար, կհաշվի իր գումարները, բայց եթե պետական պաշտոնյան անհանգստանում է իր գործի, երկրի համար, ինքն էլ է հայտնվում վատ վիճակում»:

Լրագրողներից մեկը Գ. Խաչատրյանից հետաքրքրվեց՝ այն նախարարը, ով կանխատեսում է, որ կյանքը վատանալու է (որը նաև Գ. Խաչատրյանին է վերաբերում)՝ արդյոք չպե՞տք է հրաժարական տա: Ի պատասխան լրագրողի հարցին՝ նախարարն ասաց, որ, եթե այդպես լինի, ամեն օր կարող են հրաժարականներ լինել:

Հարցին էլ՝ հակասություն չկա՞՝ մի կողմից՝ աղքատ բնակչություն, մյուս կողմից՝ բավականին խոշոր շքեղություններ, որոնք կան բյուջեում, նախարարը պատասխանեց, որ դրանց մեջ տրամաբանություն կա. «Եթե դուք կոնկրետ հետևեք Ֆինանսների նախարարության աշխատանքին, ապա կնկատեք, որ ոչ թե հիմա, այլ հունվար ամսից կրճատումներ ենք անում, մոտավորապես չորս միլիարդի կրճատում ենք արել»:

Հարցին, թե արդյոք նոր Սահմանադրությունը կարո՞ղ է լավացնել հասարակության կյանքը, նախարարը պատասխանեց, որ միայն օրենք ընդունելը բավարար չէ. «Մենք պետք է աշխատենք, օրենք ընդունելուց հետո պետք չէ սպասել, որ կյանքը, առանց մնացած գործողությունները կատարելու, կլավանա: Մենք օրենքը փոխում ենք, բայց դրանից հետո էլ պետք է քայլեր կատարենք, որ լավանա»:

Տեսանյութեր

Լրահոս