Բաժիններ՝

Հայ պատանիների արդյունքներն միջազգային աստղագիտական օլիմպիադայում

Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում վերջերս տեղի ունեցավ Աստղագիտության միջազգային 20-րդ օլիմպիադան, որին մասնակցեցին նաև հայ դպրոցականներ՝ Էդգար Վարդանյանը, Արա Մամբրեյանը, Հայկ Հարությունյանը, Մհեր Խաչատրյանը, Սարգիս Ջիբիլյանը՝ ֆիզմաթ դպրոցից և Աշոտ Մաթևոսյանը՝ «Քվանտ» վարժարանից։

Օլիմպիադային մասնակցում էին 14 երկրների 72 աշակերտներ, որոնցից 35-ը ավագ խմբում, իսկ 37-ը՝ կրտսեր։ Օլիմպիադան անց է կացվում 3 փուլով՝ տեսական, գործնական և դիտողական։

12233092_10205610241559574_1859262967_n

Այս տարի էլ մեր աշակերտների արդյունքները բարձր էին գործնական փուլերում։ Արա Մամբրեյանը գործնական փուլում 20 միավորից հավաքեց 19 միավոր, բայց արժանացավ բրոնզե մեդալի։ Բրոնզե մեդալ ստացավ նաև Էդգար Վարդանյանը։ Նշենք, որ նրանք երկուսն էլ ավագ խմբում էին մասնակցում։

12231391_10205610241519573_285037801_n

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ՀՀ Աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Մարիետտա Գյուլզադյանի խոսքով՝ մեր աշակերտները, ինչպես հաճախ, այս տարի նույնպես ցածր միավորներ հավաքեցին դիտողական փուլում, որի պատճառը մեր երկրում աստղացուցարանի բացակայությունն է, որն օգտակար կլիներ ինչպես օլիմպիական աշակերտների, այնպես էլ մեր հանրության համար։

Հիշեցնենք նաև, որ և՛ Արան, և՛ Էդգարն այս տարի Ինդոնեզիայի Մագելանգ քաղաքում տեղի ունեցած օլիմպիադայից ևս վերադարձել էին բրոնզե մեդալներով։

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս