
2016թ. ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության կենտրոնում կլինեն հանրային հնչեղություն ունեցող վարույթները

Հաջորդ տարի ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության կենտրոնում կլինեն հանրային հնչեղություն ունեցող վարույթները և կիրականացվեն պլանային ուսումնասիրություններ: Այսօր Աժ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ հաջորդ տարի իրենց ծախսերի մեջ փոփոխություն չկա:
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց՝ արդյոք կարտելային համաձայնությունների դեմ պայքարի համար ՏՄՊՊՀ-ն ունի՞ անհրաժեշտ գործիքները: Ա.Շաբոյանը պատասխանեց, որ կարտելային համաձայնությունների դեմ պայքարը մրցակցային մարմինների առաջնային խնդիր է հանդիսանում և հանձնաժողովը պայքարում է դրանց դեմ. «Դա ավելի բարդ խնդիր է, քան մենաշնորհային դիրքի չարաշահումների բացահայտումը: Գործիքակազմի պակաս կա, որ հնարավորություն կտա բացահայտումների համար: Ստուգումների լայն իրավասություններ են հարկավոր, որ տեղում մանրակրկիտ ստուգումներ իրականացնենք: Ցավոք, հանձնաժողովի ռեսուրսները այսօր սահմանափակ են այս ուղղությամբ»: