Էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտների գծով բյուջեից տրվող գումարները մեծացել են

Այսօր Ազգային ժողովի տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2016թ. բյուջեի նախագծի քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց, որ էներգետիկայի և բնական պաշարների ոլորտների գծով նախատեսվում է հատկացնել 32 մլրդ 924.1 մլն դրամ` 2015 թ. 7 մլրդ 126.0 մլն դրամի դիմաց: ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման դրամաշնորհային ծրագրի համար նախատեսված է 4 մլրդ 9 մլն դրամ, այդ թվում՝ դրամաշնորհային միջոցներ` 3 մլրդ 864.1 մլն դրամ, համաֆինանսավորում` 144.9 մլն դրամ:

Պ.Սաֆարյանի խոսքով՝ տրանսպորտի և կապի ոլորտների գծով նախատեսվում է 57 մլրդ 781.5 մլն դրամ, ծախսերի աճը 2015 թ. նկատմամբ կազմում է 5 մլրդ 353.4 մլն դրամ կամ 10.2 %:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծախսային ծրագրերի համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 12.7 մլն դրամ` 2015 թ. պետական բյուջեով հաստատված 2,928.3 մլն դրամի դիմաց:

Մասնավորապես՝ ՓՄՁ սուբյեկտների աջակցության համար նախատեսվում է հատկացնել 152.6 մլն դրամ` 2015 թ. հաստատված 152.3 մլն դրամի դիմաց, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների համար՝ 98.7 մլն դրամ` 2015 թ. հաստատված 88.6 մլն դրամի դիմաց:

Կարդացեք նաև

Պ.Սաֆարյանը նշեց, որ «Պետական աջակցություն «Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 409.1 մլն դրամ` 2015 թ. 298.1 մլն դրամի դիմաց, սակայն այս կտրուկ աճը տեխնիկական է և պայմանավորված է երկու կառույցների միավորմամբ:

Քաղաքաշինության ոլորտի գծով, ըստ Պ.Սաֆարյանի, 2016 թ. նախատեսվում է ավելի քիչ գումար հատկացնել՝ 9 մլրդ 88.6 մլն դրամ` 2015 թ. 11 մլրդ 79.7 մլն դրամի դիմաց:

Մասնավորապես՝ զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովման և բնակարանային պայմանների բարելավման համար ծախսերը ծրագրավորվել են 2015 թ. հաստատված ցուցանիշի չափով` 500 մլն դրամ, որի շրջանակներում նախատեսվում է լուծել 60 ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրները:

Հաջորդ տարի նախատեսվում է նաև վարչական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության գծով ծախսեր՝ 590 մլն դրամ` ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության շենքերի շինվերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս