«Հայ առաքելական եկեղեցու հոգևորականը վիրավորում է եզդիներին»
Նոյեմբերի 1-ի 168.am-ի հրապարակման մեջ Տ. Եսայի քահանա Արթենյան անվանմամբ հոգեւորականը` «Արդյո՞ք հայ աղջիկը կարող է ամուսնանալ եզդի տղայի հետ» վերնագրով նյութում նշում է, որ` մեջբերում եմ. «Եզդին արևապաշտ է: Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց»:
Եթե չեմ սխալվում քահանաները բարձրագույն կրթություն են ստանում ու առնչվում են նաեւ այլ կրոններին: Ինչո՞վ է զբաղվել այս մարդը, երբ չգիտի, որ եզդիները արեւապաշտ չեն, արեւը աստծո խորհրդանիշն է եզդիական կրոնում: Արդյոք նույն սկզբունքով պետք է ասենք, որ քրիստոնjաները խաչապաշտ են, մուսուլմանները՝ լուսնապաշտ:
Երկրորդ հատվածում հոգեւորականը նշում է, որ «եզդիական սրբավայր մտնելիս տեսնում ենք սատանայի արձանը»:
Խոսքy, հավանաբար, «Տաուսե Մալաքի» կերպարը խորհրդանշող սիրամարգ-հրեշտակի սիմվոլի մասին է, ում, համեմատության համար նշեմ սատանա են համարում միայն «Իսլամական պետության» ահաբեկիչները, որի պատճառով սպանում են եզդիներին:
Այսքանով չբավարարվելով՝ քահանան նշում է, որ եզդիներն աղոթում են սատանային, որ չվնասի իրենց:
Աստվածաբանությունից տարրական պատկերացում ունեցողն էլ գիտի, որ եզդիական կրոնում սատանա գոյոթյուն չունի: Եզդիները գտնում են, որ և՛ լավը, և՛ վատը հենց մարդու մեջ է, և հենց մարդն է ընտրում, որ ճանապարհով գնալ:
Խորհուրդ եմ տալիս նման, մեղմ ասած, ոչ գիտակ մարդկանց չզբաղվել եզդիների հետ կապված հարցերով:
Կոչ եմ անում վերոհիշյալ քահանային Աստվածաշնչի համաձայն հանդուրժող գտնվել եւ ընդունելով սխալը ներողություն խնդրել եզդի ժողովրդից նրա կրոնական զգացմունքները վիրավորելու համար:
Սաշիկ Սուլթանյան
«Միջէթնիկ և միջմշակութային համագործացկությունների կենտրոն» ՀԿ նախագահ