«Յանի իրա կինը չի՞, ի՞նչ տարբերություն, իրա խոխան նույն խոխան չի՞». Սուրիկ Խաչատրյանի կնոջ հասցեին սպառնալիքներ եղե՞լ են

Վերաքննիչ դատարանում այսօր մեկնարկեց 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը: Հայկ Ալումյանը պահանջում է բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և արդարացնել Արտակ Բուդաղյանին:

Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 120 հազար դրամ տուգանքի. համաներման կիրառմամբ նա ազատվել էր պատժի կրումից:

Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ դատարանը ստացել է նաև գործով դատախազի պատասխանը, իսկ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ այն չի ստացել. տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը հայտարարեց, որ ստացել են դատախազի պատասխանը: Հայկ Ալումյանն էլ տարակուսանք հայտնեց, թե իրենց համար հասկանալի չէ, թե ինչ սկզբունքով է դատախազությունն իր փաստաթղթերն առաքում կողմերին. «Եթե առաքվում է իրեն տուժող համարող կողմին, ինչու չի առաքվում ամբաստանյալին»: Նախագահողի հարցին, թե ինչպե՞ս է տուժող կողմը ստացել պատասխանը, Մարտին Զիլֆուղարյանը արձագանքեց, որ ինքը չի ստացել, ստացել է տուժողը՝ հավանաբար փոստով, իսկ թե ում կողմից է ստացել՝ չի կարող ասել:

Դատարանի պատճառաբանությունները

Կարդացեք նաև

Հայկ Ալումյանն ասաց, որ անդրադառնալով Արտակ Բուդաղյանի ցուցմունքին՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, թե այդ ցուցմունքը «արժանահավատ չէ, չի համապատասխանում իրականությանը, գործի փաստական հանգամանքներին և հետապնդում է քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ»: Փաստաբանի խոսքով՝ դատավճռի հիմքում ընդհանուր իրավասության դատարանը դրել է հետևյալ ապացույցները.

  • Սուրիկ Խաչատրյանի կնոջ՝ գործով իրեն տուժող համարող Լորետա Բարսեղյանի՝ դատաքննության ընթացքում տված ցուցմունքները, որ Արտակ Բուդաղյանը սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին և որ դրանք իր համար իրական վտանգ են ներկայացրել,
  • Սուրիկ Խաչատրյանի մտերիմ, մի շարք վկաների ցուցմունքով նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի՝ դատաքննության ընթացքում տրված ցուցմունք այն մասին, որ Արտակ Բուդաղյանը սպառնալիքներ է հնչեցրել Լորետա Բարսեղյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին,
  • Սուրիկ Խաչատրյանի և Լորետա Բարսեղյանի կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի՝ դատաքննության ընթացքում տված ցուցմունքն այն մասին, որ Արտակ Բուդաղյանը, զենքը ձեռքին, իջել է ավտոմեքենայից և սկսել հայհոյել ու սպառնալ իրենց ընտանիքի անդամներին՝ ասելով` կսպանեմ, կոչնչացնեմ, նրան փորձել են հանգստացնել և չթողնել, որ կրակի, սակայն չի ստացել,
  • Սուրիկ Խաչատրյանի տան աշխատող Կարինե Հարությունյանի` դատաքննության ընթացքում տված ցուցմունքով այն մասին, որ Արտակ Բուդաղյանը, զենքը ձեռքին, հայհոյանքներ և սպառանալիքներ է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների հասցեին` ասելով, որ՝ «սպանելու եմ, Դեզոյի ցեղը ոչնչացնելու եմ»,
  • Սուրիկ Խաչատրյանի կնոջ քրոջ՝ Լարիսա Բարխուդարյանի՝ դատաքննության ընթացքում տված ցուցմունքով այն մասին, որ Արտակ Բուդաղյանը երկարափող հրացանը ձեռքին հայհոյում և սպանության սպառնալիքներ էր տալիս Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին՝ ասելով. «ընտանիքդ կվերացնեմ, ցեղդ կսպանեմ, Դեզոյի ցեղն արմատախիլ կանեմ»,
  • Սուրիկ Խաչատրյանի քրոջ՝ Մարետա Շալունցի՝ դատաքննության ընթացքում տված ցուցմունքով այն մասին, որ Արտակ Բուդաղյանը, զենքը ձեռքին, դուրս է եկել ավտոմեքենայից և սկսել է հայհոյել ու սպառնալ Սուրիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին,
  • Սուրիկ Խաչատրյանի ազգական և մտերիմ Նիկոլայ Աբրահամյանի՝ դատաքննության ընթացքում տված ցուցմունքով այն մասին, որ Արտակ Բուդաղյանը, զենքը ձեռքին իջել է ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ և հայհոյանքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին՝ ասելով. «Լիսկա, դո՛ւրս եկ, սպանելու եմ, Դեզոյի ցեղը վերացնելու եմ»,
  • Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի, դատաքննության ընթացքում տված ցուցմունքով այն մասին, որ Արտակ Բուդաղյանը, հրացանը ձեռքին իջել է ավտոմեքենաից, սպառնալիքներ և հայհոյանքներ է տվել՝ ասելով. «սաղին սպանելու եմ, վերացնելու եմ, Լիսկա, ցեղդ վերացնելու եմ, Ավետիք Բուդաղյանը նրան ասել է՝ Արտակ, մի արա, դեմդ Լորետա քույրիկն ա, ամեն ինչ նորմալ է», սակայն Արտակ Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի հասցեին էլ է սպառնալիքներ տվել և հայհոյել,
  • Սուրիկ Խաչատրյանի տան նախկին աշխատող Անգելինա Քայանի կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքով այն մասին, որ Արտակ Բուդաղյանն իջել է մեքենայից և սկսել հայհոյել՝ Լիսկա, ես քո մերը, կնիկը, նրա ձեռքին հրացան է տեսել, հետո նաև լսել է ձայնը. «Լիսկա, ազգդ սպանելու եմ, չպիտի ապրեք, Դեզոյի ցեղը վերացնելու եմ»:

Հայկ Ալումյանն ասաց, որ, բացի ցուցմունքներից՝ դատարանը հղում է կատարել դատաբժշկական, դատաձգաբանական, դատահամակարգչատեխնիկական և տեսաձայնագրառման փորձաքննությունների, իրեղեն ապացույցների վրա: Հայկ Ալումյանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանում պաշտպանական կողմը ներկայացրել է մի շարք պատճառաբանություններ, այդ թվում՝ գործի փաստական հանգամանքների, Արտակ Բուդաղյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու հիմքերի վրա: Մինչդեռ դատավճռում, ըստ նրա, դատարանն առհասարակ չի անդրադարձել դրանց, ինչը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ամրագրված արդարացի քննության իրավունքի խախտում է: «Տպավորություն է, որ կա՛մ դատարանը չի նկատել, որ մենք այնտեղ ենք գտնվել, կա՛մ նկատել է մեզ, մեր ասածները չի կարողացել լսել, կա՛մ լսել է, չի ընկալել առհասարակ»,- ասաց նա:

Արտակ Բուդաղյանի ցուցմունքը

Հայկ Ալումյանի խոսքով՝ դատարանի հետևությունները, թե Արտակ Բուդաղյանի ցուցմունքն արժանահավատ չէ, չի համապատասխանում իրականությանը, գործի փաստական հանգամանքներին և հետապնդում է քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ, կարծրատիպային են, արհեստածին, չեն արտացոլում գործի իրական պատկերը: Փաստաբանի խոսքով՝ Արտակ Բուդաղյանը քրեական պատասխանատվությունից խուսափելու ցանկություն ունենալու դեպքում այդպիսի մի շարք հնարավորություններ է ունեցել. նա կարող էր չառարկել դեռևս նախաքննության ընթացքում և դատարանում իր վերաբերյալ համաներում կիրառելու, վաղեմությունն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեմ:

Ըստ Հայկ Ալումյանի՝ դատարանը պարզապես պիտակավորել է Արտակ Բուդաղյանի ցուցմունքը՝ առանց վերլուծելու այն: Փաստաբանի խոսքով՝ այդ կազմով քննված քրեական գործերով կայացված դատավճիռներց երևում է, որ այդ հետևությունը այդ դատարանում կիրառվում է ցանկացած մեղադրական դատավճիռ կայացնելիս, եթե մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչել:

Լորետա Բարսեղյանի նկատմամբ սպառնալիքներ եղե՞լ են

Հայկ Ալումյանի խոսքով՝ 2013թ. սեպտեմբերի 7-ին երկու որոշում է կայացել Արտակ Բուդաղյանին ծանր մարմնական վնասվածք պատճառած Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է օրինաչափ, ինչպես նաև նրա և Զարզանդ Նիկողոսյանի արարքներում հանցակազմը բացակայում է. Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտադիր պայման է հանդիսացել Արտակ Բուդաղյանի կողմից սպանության սպառնալիքներ տալը հաստատված համարելը: Նրա խոսքով՝ եթե Արտակ Բուդաղյանի կողմից սպանության սպառնալիքներ տալու փաստը չհաստատվեր կամ չհաստատվի, ապա Տիգրան Խաչատրյանը պետք է քրեական պատասխանատվություն կրի՝ Արտակ Բուդաղյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար:

Ըստ փաստաբանի՝ Լորետա Բարսեղյանի ցուցմունքների արժանահավատությունը գնահատելիս՝ անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչ հետևանքներ է առաջացնում Արտակ Բուդաղյանի դատապարտումը կամ արդարացումը Տիգրան Խաչատրյանի համար: Ըստ Հայկ Ալումյանի՝ պաշտպանական կողմի հարցին պատասխանելով՝ Լորետա Բարսեղյանը մանրամասնել է, որ Արտակ Բուդաղյանն ասել է. «Լիսկայի ընտանիքը, Լիսկայի ցեղը, Դեզոյի ցեղը վերացնելու եմ», երբ Ավետիքը փորձում էր հանգստացնել Արտակ Բուդաղյանին՝ ասելով՝ «տես՝ դիմացդ ով է կանգնած, Լորետ քույրիկն ա», Արտակ Բուդաղյանն ասել է՝ «ես դրանց պիտի վերացնեմ, ես սրանց պիտի վերացնեմ, սրանք չպիտի ապրեն, սրանք ով են»:

Իսկ իր հարցին՝ արդյոք Լորետա Բարսեղյանն ընկալել է, որ այդ արտահայտություններն իրեն են ուղղված, նա պատասխանել է. «Իմ երեխան անձամբ ինձ է վերաբերվում, իմ ամուսինն անձամբ ինձ է վերաբերվում»: Հայկ Ալումյանն ասաց, որ այս գործով տուժող է Լորետա Բարսեղյանը, քննարկվում է Լորետա Բարսեղյանի հասցեին սպառնալիքներ լինել, չլինելու հարցը:

Ըստ նրա՝ Լորետա Բարսեղյանի քույրն իրավիճակն այնպես է գնահատել, որ Արտակ Բուդաղյանը Լորետա Բարսեղյանի նկատմամբ ոտնձգություն չէր անում: «Մնում է կռահել՝ այդ ինչպե՞ս է կարողացել, ի՞նչ մտավոր վարժության արդյունքում է կարողացել այս վկայի ցուցմունքն օգտագործել ի վնաս Արտակ Բուդաղյանի»,- ասաց Հայկ Ալումյանը՝ մեջբերելով գործով մյուս վկաների ցուցմունքների այդ հատվածները:

Ըստ նրա՝ Նիկոլայ Աբրահամյանը, պատասխանելով դատավորի հարցին, թե ո՞ւմ են ուղղված եղել հայհոյանքները, ասել է՝ մարզպետին: Իսկ հարցին, թե միայն մարզպետի՞ն են ուղղված եղել, նա պատասխանել է՝ «դե օբշի ասում էր ձեր ցեղը, դեղոյի ցեղը»: Հաջորդ հարցին՝ արդյոք հայհոյանքները վերաբերո՞ւմ էին Լորետային, վկան պատասխանել է՝ «յանի իրա կինը չի՞, ի՞նչ տարբերություն, իրա խոխան նույն խոխան չի՞, բա ի՞նչ ա անում». «Նիկոլայ Աբրահամյանը կարող է կարծի՝ տարբերություն չկա, բայց երբ Սյունիքի դատարանը դա չի հասկանում, դա արդեն խնդիր է»: Փաստաբանն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի քույրը, պատասխանելով իր հարցին՝ արդյոք Արտակ Բուդաղյանը Լորետա Բարսեղյանի՞ն էլ էր սպառնում ասել է՝ «չէ, Լորետան հանգստացնում էր Արտակին, որ կրքերը չբորբոքվեն»:

«Երբ արդեն որոշում է եղել, որ Տիգրան Խաչատրյանը պիտի չդատվի (չէ՞ որ ապացուցված էր, որ ինքն է Արտակ Բուդաղյանին ծանր մարմնական հրազենային վնասվածք պատճառել), որպեսզի այդ վնասվածքն Արտակ Բուդաղյանին պատճառելու համար չդատվի, անհրաժեշտ էր Արտակ Բուդաղյանին վերագրել մի վտանգավոր հանցագործություն: Սկզբում ցուցմունքներ էին գնում, որ կրակել է, հետո պարզվեց՝ այդ զենքն ընդհնարապես լիցքավորված չի եղել, հետո Զինվորական դատախզությունը սկսեց մտածել՝ բա ինչ վերագրի Արտակ Բուդաղյանին, որպեսզի հնարավոր լինի Տիգրան Խաչատրյանին քրեական պատասխանատվությունից ազատել: Եվ ցուցմունքները, որոնցում ասում էին՝ միայն հայհոյանքներ էր տալիս, օգոստոս ամսից հետո, երբ արդեն որոշում կար Տիգրան Խաչատրյանին պրծացնել քրեական պատասխանատվությունից, փոխվեցին և արդեն սկսեցին ասել, որ Արտակ Բուդաղյանը սպանության սպառնալիքներ էր տալիս: Պրիմիտիվ, բայց ոչ մաքուր տեխնոլոգիաներ են աշխատել»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանը պարտավոր էր հաշվի առնել այն հանգամանքը, որ հատկապես Լորետա Բարսեղյանը, Տրդատ Խաչատրյանը, Լարիսա Բարխուդարյանը և Մարիետա Շալունցը ուղղակի շահագրգռված են եղել, որ սպառնալիքների հանգամանքը հաստատվի, նրանք ոչ մի փուլում պատճառ չեն ունեցել թաքցնելու սպառնալիքի հանգամանքը, եթե այդպիսիք եղած լինեին. «Հետևապես արժանահավատ են վերը նշված այն ցուցմունքները, որտեղ խոսվում է միայն Արտակ Բուդաղյանի կողմից հնչեցված հայհոյանքերի մասին և ոչինչ չի ասվում սպառնալիքների մասին»:

Գործի դատավարական կողմը

Ըստ Հայկ Ալումյանի՝ քրեական գործը հարուցվել է 2013թ. հունիսի 2-ին ոստիկանության քննիչի որոշմամբ, սակայն նույն օրը քննիչը որոշել է գործի նյութերն ըստ ենթակայության ուղարկել ՀՀ ՊՆ քննչական ծառայություն՝ պատճառաբանելով, որ՝ «նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գորիս քաղաքի դավիթ Բեկ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմաց տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցներից Արտակ Էմիլի Բուդաղյանը հանդիսանում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականանցնող անձ»:

Ըստ փաստաբանի՝ այդ պահին Արտակ Բուդաղյանը ոչ մեղադրյալ, ոչ կասկածյալ չի եղել, քննիչն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի՝ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերի նախաքննությունը կատարում են ՀՀ պաշտպանության նախարարության քննիչները.

«Այստեղ արդեն հիմքեր են ստեղծվում, թե ինչպես գործը շուռ տալ Բուդաղյանների դեմ»:

Արտակ Բուդաղյանին հանցագործություն է վերագրվել միայն հուլիսի 9-ին, այսինքն՝ գոյություն չի ունեցել իրավական հիմք այդ ժամանակ գործը ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու համար: Ըստ Հայկ Ալումյանի՝ գործը ՀՀ ՊՆ քննչական ծառայություն է ուղարկվել և քննչի կողմից վարույթ է ընդունվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտմամբ, իսկ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել տվյալ քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու, համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից:

Հայկ Ալումյանն ասաց, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Ըստ նրա՝ այս գործերը հարուցվում են ոչ այլ կեր, քան տուժողի բողոքի հիման վրա, դրա բացակայությունը նման դեպքերում քրեական հետապնդումը բացառող հանգամանք է: Տվյալ դեպքում, ըստ նրա, բացակայում է Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների բողոքը, առկա է միայն Լորետա Բարսեղյանի բողոքը, սակայն նրա բողոքի հիման վրա Արտակ Բուդաղյանը չէր կարող մեղավոր ճանաչվել՝ Սուրիկ Խաչատրյանին և նրա հարազատներին սպանության սպառնալիք տալու համար:

Արտակ Բուդաղյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանում ներկայացրել է այն, ինչ կա, իսկ պաշտպանի ասածների հետ համամիտ է:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:

Տեսանյութեր

Լրահոս