Կայացավ «Բժշկական հոգեբանություն» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը
Կայացավ «Բժշկական հոգեբանություն» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը
Ավագ Ավագյանի գինու սրահում երեկ գրքի շնորհանդես էր: «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Բժշկական հոգեբանություն» դասընթացի հիմնադիր Խաչատուր Գասպարյանն ընթերցողի սեղանին դրեց իր նոր ուսումնասիրությունը՝ «Բժշկական հոգեբանություն» ուսումնական ձեռնարկը: «Բժշկական հոգեբանություն» հայալեզու լայնածավալ գրքի շնորհանդեսը մեկնարկեց գինեձոնման գեղեցիկ ավանդույթով:
Ինչպես ինքը՝ հեղինակը, ընդգծեց՝ հոգեբանության ոլորտում այսօր հայերեն լեզվով լույս ընծայված յուրաքանչյուր գիրք կամ ուսումնասիրություն մեծ նշանակություն ունի, որովհետև, ըստ հեղինակի, բոլորին է հայտնի, որ դրա պակասը կա: Հեղինակը պատմում է նաև, որ առաջին անգամ բժշկական հոգեբանության թեմայով աշխատություն հրատարակվել է 1995թ., սակայն դա եղել է փոքրիկ՝ 95 էջից բաղկացած մի գրքույկ:
«Երբ Երևանի Պետական բժշկական համալսարանում սկսում էինք այս առարկայի դասավանդումը, հասկացանք, որ հայերեն լեզվով դասագրքի կամ համապատասխան ուսումնական ձեռնարկի նկատելի պակաս է զգացվում: Այս ձեռնարկի մասին պետք է նշել, որ սա տարիների երկարատև աշխատանքի արդյունք է: Գրքի լույսընծայումն անընդհատ ձգձգվում էր միայն այն պատճառով, որ բժշկական հոգեբանությունը համարվում է արագ զարգացող ոլորտներից մեկը, ու անընդհատ նորություններ էին գրանցվում: Ի վերջո, մենք որոշեցինք ինչ-որ պահից կանգ առնել և կազմել գիրքը՝ դրանում ընդգրկելով արդեն մեր հավաքագրած մեծ ինֆորմացիայի պաշարը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց գրքի հեղինակ Խաչատուր Գասպարյանը:
Գրքում ընդգրկված են բոլոր այն հարցերն ու խնդիրները, որոնք ուսումնասիրության առարկա են բժշկական համալսարանի ռազմաբժշկական, ստոմատոլոգիական, բուժական և ֆարմատոլոգիական ֆակուլտետներում: Շնորհանդեսին ներկա Բժշկական հոգեբանության ամբիոնի աշխատակիցները, ինչպես նաև մեծ թվով մասնագետներ ընդգծեցին, որ նոր՝ «Բժշկական հոգեբանություն» ուսումնական ձեռնարկն իր բնույթով օգնելու և նպաստելու է մեր երկրում այս ոլորտի կայացմանն ու զարգացմանը:
Միջոցառմանը ներկա բ.գ.դ. պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանն իր շնորհավորական խոսքում ընդգծելով գրքի կարևորության գաղափարը՝ ասաց.
«Մենք ուրախ ենք, որ բոլորով ՝ Խաչատուրի հետ միասին, կարողացանք ստեղծել հայալեզու այսպիսի կարևոր բժշկական ձեռնարկ, որն օգտագործելու են ոչ միայն՝ Բժշկական համալսարանի, այլ նաև՝ հանրապետության բոլոր բուհերի ուսանողները: Ես ականատեսն եմ, թե ինչքան երկար տարիների մանրակրկիտ աշխատանքի արդյունք է այս գիրքը, և ուրախ եմ, որ այն ի վերջո արդեն պատրաստ է»:
«Ես արդեն մանրամասն ուսումնասիրել եմ այս ձեռնարկն ու պետք է հատուկ ընդգծեմ, որ ինձ համար մեծ պատիվ էր՝ լինել այս գրքի գրախոսը: Ինձ համար հատկապես այստեղ՝ Հայաստանում գրանցված ցանկացած այսպիսի լավ լուր և առաջադիմություն ընդունվում է կրկնակի ուրախությամբ: Ուզում եմ ջերմորեն շնորհավորել գրքի ստեղծման և լույսընծայման համար աշխատանքներ կատարած ողջ անձնակազմին՝ Խաչատուր Գասպարյանի գլխավորությամբ»,- իր խոսքում նշեց «Բժշկական հոգեբանություն» ուսումնական ձեռնարկի գրախոս, բ.գ.դ., պրոֆեսոր, Մոսկվայի «Հոգեբուժական էնդոկրինոլոգիայի» կենտրոնի տնօրեն Ստեփան Մաթևոսյանը:
Ուսումնական ձեռնարկը հրատարակվել է Երևանի Պետական բժշկական համալսարանի ֆինանսական միջոցներով: Գրքի շնորհանդեսն ընդգրկված է նույն համալսարանի հոբելյանական 95-ամյակի միջոցառումների շրջանակներում: