Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողների հարցերին
Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Բորուսիա» – «Գաբալա» հանդիպումից անմիջապես հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողների հարցերին:
Հենրիխը նշել է, որ մինչ առաջին գոլը շատ դժվար էր, բայց դրանից հետո դատարկ տեղեր առաջացան մրցակցի պաշտպանությունում:
«Մեր թիմը լավ խաղաց, շնորհավորում եմ թիմին հաղթանակի համար: «Գաբալան» լավ թիմ է: Ես ճանաչում եմ մարզչին, Գայի հետ միասին եմ խաղացել: Ճանաչում եմ նաև Զենևին, Բեզոտոսնուն, Անտոնովին ու Վերնիդուբին: Հաջողություն եմ ցանկանում: Իսկ ինչ վերաբերում է Բաքու չժամանելուն, ապա ես ուզում էի մեկնել, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշվեց, որ մնալու եմ Դորտմունդում»,- նշել է Մխիթարյանը:
Ադրբեջանցի լրագրողները նշել են, որ հայ մյուս մարզիկները, ովքեր Բաքվում մասնակցել են մրցաշարերի, խնդիրներ չեն ունեցել, ինչին ի պատասխան՝ Հենրիխն նշել է, որ ֆուտբոլն այլ հարց է, և չգիտեր՝ ինչ կլինի իր՝ Բաքու մեկնելու դեպքում:
Մխիթարյանին հարցրել են նաև հայկական դրոշների առկայության մասին, ինչին ի պատասխան՝ Մխիթարյանը նշել է.
«Այստեղ բազմաթիվ հայրենակիցներ ունեմ, ովքեր հաճախում են «Բորուսիայի» խաղերին: Պետք չէ մտածել, որ դա կապված է ադրբեջանական թիմի դեմ խաղի հետ: Այդ երկրպագուները եկել էին ինձ համար, այլ ոչ՝ ադրբեջանական թիմի դեմ երկրպագելու»:
Սիրարփի Աղաբաբյան