«Բոլորն էլ պրոֆեսիոնալ էին ու դժվար նման բան թույլ տային». ասում է Սուդանում ինքնաթիռի վթարից զոհված Սուրեն Պետրոսյանի ընկերը
Հարավային Սուդանում վթարված բեռնատար ինքնաթիռում եղել է նաև ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյանը: Վթարից զոհված Սուրեն Պետրոսյանի ընկերը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Պետրոսյանը 47 տարեկան էր, ունի 3 երեխա, երկու դուստր և մեկ որդի, որը սովորում է 6-րդ դասարանում:
Մեր զրուցակցի խոսքով՝ Սուրեն Պետրոսյանը Սուդան աշխատանքի մեկնել էր 1,5 ամիս առաջ, քանի որ Հայաստանում «Էյր Արմենիայի» փակվելուց հետո աշխատանք չէր կարողանում գտնել:
«Միասին սովորել ենք, միասին աշխատել։ Հրաշալի մարդ էր, լավ մասնագետ։ Մամուլում տարբեր վարկածներ են պտտվում, բայց հնարավոր չէր այդքան մեծ քանակով բեռ բարձեին, քանի որ բոլորն էլ պրոֆեսիոնալ էին ու դժվար նման բան թույլ տային։ Այստեղ մնացել է միայն նախագահական էկիպաժը, մյուսներս անգործ էինք, ու ստիպված գնում ենք երկրից դուրս աշխատելու»,- ասում է Սուրեն Պետրոսյանի ընկերը, ով աշխատել է որպես մեխանիկ: Նա ասաց, որ ինքը ևս պատրաստվում է մեկնել Սուդան, քանի որ այստեղ աշխատանք չկա: «Մեր կառավարությանը օդաչուներ, մեխանիկներ, ինժեներներ պետք չեն, մենակ բանվոր է պետք»,- ասաց նա:
Լուսանկարները՝ Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից