Հայկական եկեղեցուց հետո հայերը Լաս Վեգասում ևս մեկ համալիր կունենան
Նոյեմբերի 14-ին Լաս Վեգասում հանդիսավորությամբ կբացվի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որի կառուցման թույլտվությունը Լաս Վեգասի հայկական համայնքը ստացել էր այս տարվա հունվարին: Հուշահամալիրը կառուցվել է Լաս Վեգասի ամենամեծ այգում` Սանսեթ զբոսայգում, եւ դառնալու է Լաս Վեգասում հայկական երկրորդ կառույցը` 2013 թվականին կառուցված «Սուրբ Կարապետ» հայ առաքելական եկեղեցուց հետո:
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը, ինչպես «Արեւելքին» տեղեկացրին Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակից, կառուցվել է քաղաքի հայկական համայնքի նյութական աջակցությամբ:
Հանդիսավոր բացմանը ներկա են լինելու կոնգրեսականներ, ԱՄՆ-ի տարբեր նահանգներից, Հայաստանից եւ այլ երկրներից հյուրեր: