
«Շիրակի մարզն ընդդիմադիր չէ». Ֆելիքս Ցոլակյան

Շիրակի մարզն ընդդիմադիր չէ և «այո» է ասելու սահմանադրական փոփոխություններին: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Ըստ նրա՝ մարզի միայն մի փոքր մասն ընդդիմադիր տրամադրություններ ունի, մասնավորապես՝ Գյումրիում, սակայն ինքը երբեք չի փորձել ճնշում գործադրել:
«Այո»-ի մասին իր վստահությունը մարզպետը բացատրեց ժողովրդի տրամադրություններին իր քաջատեղյակությամբ: Նա բացառեց, թե հանրաքվեի ժամանակ իշխանության պահանջած արդյունքն ապահովելու համար վարչական լծակներ է օգտագործելու. «Երկու կողմերն էլ, այսինքն՝ «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները, քարոզարշավ են անելու, ամեն մեկն իր կարծիքն է ներկայացնելու և ում կհաջողվի համոզել ժողովրդին՝ նա էլ կհաղթի: Այսօրվա մարդը տարբերվում է նրանով, որ գնում, հասնում է խցիկի մոտ, ինքը իրա ցանկացածն անում է»: