
Ինիեստան թիմակիցների անունից ներողություն է խնդրել Պեդրո Լեոնից և «Խետաֆեից»

«Խետաֆեի» ավագ Պեդրո Լեոնը հայտնել է, որ իրեն զանգահարել է «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան և թիմի անունից ներողություն է խնդրել:
Բանն այն է, որ Պրիմերայի 10-րդ տուրի «Խետաֆե»-«Բարսելոնա» հանդիպումից հետո կատալոնական թիմի մի շարք ֆուտբոլիստներ Հելոուինի համար նախատեսված հագուստներով ներխուժել են մամուլի ասուլիսի սրահ, որտեղ հարցազրույց տալիս է եղել տանտերերի խաղացող Վիկտոր Ֆերնանդեսը:
Ներխուժման արդյունքում որոշակի ժամանակով խաթարվել է ասուլիսը: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները սկսել են տոնակատարությունը՝ ամբողջ մարզաբազայով մեկ վազելով և սարսափելի ձայներ հանելով:
Կատալոնական ակումբը պաշտոնապես ներողություն է խնդրել մադրիդյան ակումբից ասուիսների սրահում կատարվածի համար՝ նշելով, որ ֆուտբոլիստները շփոթել են սենյակները՝ հանդերձարան մտնելու փոխարեն՝ մտնելով ասուլիսների սրահ:
Տեսանյութից երևում է, որ սարսափելի դիմակներով կատալոնացիներն աղմկելով մտնում են ասուլիսի, հետո հասկանում են ՝ որտեղ են, և ներողություն խնդրելով դուրս գալիս:
Սիրարփի Աղաբաբյան