Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառի երկու հիմնական վարկած է դիտարկվում
Ռուսաստանի ՆԳՆ Տուլայի մարզի վարչությունում դիտարկվում են գիշերը Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի երկու հնարավոր վարկածներ:
«Ներկայում դիտարկվում են ՃՏՊ-ի առավել հավանական պատճառները՝ վարորդը քնել է ղեկին և տեխնիկական անսարքությունը»,- Interfax-ին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության մարզային վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժ. 2:10-ին՝ դաշնային «Դոն» ավտոմայրուղում՝ Տուլայի մարզի Ուզլովսկի շրջանի Ակիմ-Իլկին բնակավայրից ոչ հեռու:
«Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան ու կատարվել է տրանսպորտային միջոցի կողաշրջում»,- հայտարարել է Յարցևը:
Վերջին տվյալների համաձայն՝ վթարի հետևանքով զոհվել է 7 հայ, ևս 35 մարդ հոսպիտալացվել է: Տուժածներին տեղափոխել են Ուզլովոյի, Կիրիևսկայի ու Բոգորոդիցկայի հիվանդանոցներ: Ավտոբուսի վարորդը չի տուժել:
Ավտոբուսում գտնվել է 59 ուղևոր, երեխաներ ավտոբուսում չեն եղել:
Դեպքի վայրում շարունակվում են վթարա-փրկարարական աշխատանքները:
Ավտոբուսի վթարից չտուժած քաղաքացիները գտնվում են ժամանակավոր տեղակայման կետում՝ Ուզլովոյի Юность կինոթատրոնի շենքում:
Ռուսաստանի ԱԻՆ-ի Տուլայի մարզի գլխավոր վարչությունում բացվել է «թեժ գիծ»՝ 8(4872)21-16-09 հեռախոսահամարով:
Հաղորդվում է, որ վթարի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է գերատեսչության 28 աշխատակից ու 8 միավոր տեխնիկա:
https://www.youtube.com/watch?v=otUOi-Q3RCc