2015 թվականի բյուջեի կատարողականի հետ կապված խնդիրներ կան. Գագիկ Խաչատրյան
2015 թվականի բյուջեի կատարողականի հետ կապված խնդիրներ կան: Նման կերպ լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անկեղծացավ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Ըստ նրա՝ այս պահի դրությամբ շեղումը մոտ 7 %-ի կարգի է, բայց կախված է առաջիկա 2 ամսվա զարգացումներից:
«Մենք մեծ նվազումներ ունենք` հատկապես ներմուծման ծավալների կրճատման հետ կապված: Հաջորդ տարվա համեմատ եթե այս տեմպերը շարունակվեն արդեն պետք է անհանգստանալ»,- ասաց նախարարը:
Դիտարկմանը, որ երբ մենաշնորհներ ունեն իշխանությունների հետ փոխկապակցված անձինք, մրցակցությունը հնարավոր չէ` Գ.Խաչատրյանը հակադարձեց, թե բիզնեսով զբաղվողները կատարում են իրենց հարկային պարտավորությունները. «Փառք Աստծո, թող շատ զբաղվեն, որ երկրում ներդրումային վիճակը լավանա: Բայց այն մարդիկ, ովքեր բիզնեսով զբաղվում են ու հարկային պարտավորությունները չեն կատարում, խախտում են անում: Ինչ վերաբերում է մոնոպոլիաներին, նրա խոսքով, ցանկացած երկրի համար դա լավ բան չէ»:
Հարցին, թե ինչպե՞ս կարող են կոռումպացված պաշտոնյաներն ընդգրկվել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում և իրականում պայքարել կոռուպցիայի դեմ, Գ.Խաչատրյանը պատասխանեց, թե նման հարցեր միշտ էլ կարող է հնչեն, պետք է կոնկրետ օրինակներով նայել, թե ով է պայքարում, ով չի պայքարում: