
Ի՞նչ որոշում է ստորագրել Ստեփանակերտի քաղաքապետը

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն որոշում է ստորագրել:
Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ համաձայն որոշման՝ մայրաքաղաքում ընթացիկ տարվա նոյեմբերի 1-30-ը ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ է անցկացվում: Աշխատանքների նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծվել է հանձնաժողով և հաստատվել նրա կազմը:
Հանձնաժողովի կազմում, որը կգլխավորի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, ընդգրկվել են քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետը, Ստեփանակերտի քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության, զարգացման ծրագրերի, կրթության և սպորտի, շինարարության և բարեկարգման բաժինների պատասխանատուները, ինչպես նաև «Սանմաքրում» ՀՈԱԿ, «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ, «ԼՂՀ Ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգի» ՓԲԸ, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ տնօրենները, այլ կառույցների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովին հանձնարարված է միամսյակի շրջանակներում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ: «Սանմաքրում» ՀՈԱԿ տնօրենին պարտավորեցվում է միամսյակի ընթացքում քաղաքի տարածքում ապահովել աղբահանությունը: