
Ադրբեջանը թիրախավորել է «Ազատություն» ռադիոկայանի մեկ այլ լրագրողի

Բաքվում ոստիկանությունը խուզարկել է «Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցող լրագրողի բնակարանը և առգրավել նրան պատկանող տեխնիկան, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ նշելով, որ դա երկրի անկախ լրատվամիջոցների հետապնդման չդադարող արշավի ամենավերջին դեպքն է։
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության համար աշխատող լրագրող Իսլամ Շիխալին տանը չի եղել սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած խուզարկության ժամանակ, երբ ոստիկանությունն առգրավել է նրա համակարգիչը, տեսախցիկը, միկրոֆոնը և բջջային հեռախոսը։ Ոստիկանությունը վերցրել է նաև նրա անձնագիրը և այլ անձնական փաստաթղթեր, սակայն ավելի ուշ վերադարձրել է դրանք:
«Ոստիկանությունը վերցրել է Շիխալիի մասնագիտական տեխնիկան՝ մեզ մոտ տպավորություն թողնելով, որ նրանք հետապնդում են նրան լրագրության համար: Նրանք իրավունք չունեին առգրավելու նրա տեխնիկան: Այն պետք է անմիջապես վերադարձվի, Շիխալիին պետք է թույլ տրվի աշխատել, և այս հետապնդումը պետք է դադարեցվի»,- ասել է «Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը։
Շիխալին հարցաքննվել է սեպտեմբերի 28-ին և ազատ արձակվել: Նա պատմել է, որ քննիչները հարցրել են Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքի և Facebook-ում իր որոշ ընկերների մասին, ովքեր անկախ լրագրողներ են:
Խուզարկության ժամանակ ոստիկանությունը Շիխալիի հետ ապրող նրա ընկերոջը ցույց է տվել օրդեր հարկերից խուսափելու կասկածանքի վերաբերյալ: Հարկերից խուսափման մեղադրանքներն օգտագործվել են հետաքննող լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Խադիջա Իսմայիլովայի դեմ, ով սեպտեմբերի 1-ին դատապարտվել է ավելի քան յոթ տարվա ազատազրկման։