«Skype-ը մեզ մոտ մոտավորապես «սանտավիկի» նման է»
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ Հայաստանից Facebook-ում այսօր գրանցված է մոտ 850.000 օգտատեր. «Այս թվի մեջ մտնում են նաև ֆեյքերը, որոնք կազմում են մոտ 5-%: Facebook-ը ժամանակ առ ժամանակ «ֆեյքաքաղ» է անում, վերջինը երկու շաբաթ առաջ եղավ: 2013թ. ընտրությունների ժամանակ ֆեյքերն ակտիվ օգտագործվում էին, հիմա պահանջարկ չկա:
Մեզ մոտ թիվ մեկ սոցիալական ցանցը Odnoklassniki-ն է, բայց այստեղ անկման միտում է դիտվում: Եթե, օրինակ, կես տարի առաջ շաբաթական կտրվածքով Odnoklassniki-ն ունենում էր 1 միլիոն այցելու, ապա հիմա այդ թիվը նվազում է և մոտենում Facebook-ի թվին: Եթե այս տեմպերով շարունակվի, ապա մի քանի շաբաթից կընկնենք շաբլոնային վիճակի մեջ, երբ Facebook-ը կդառնա թիվ մեկ սոցցանցը՝ այցելությունների քանակով»:
Մեդիափորձագետը նշեց, որ սմարթֆոններից օգտվողների թիվը շատ մեծ է, որովհետև նույն Facebook-ից Հայաստանից օգտվողների 60%-ը սմարթֆոնից են մտնում:
Անդրադառնալով Skype-ին, նա ասաց, որ այն մեզ մոտ մոտավորապես «սանտավիկի» նման է. «Այնքան տարածված է, որ Skype են անվանում արդեն վեբ տեսախցիկը: Եթե ասում են, որ համակարգիչը «սկայպով» է, նշանակում է՝ վեբ տեսախցիկ ունի: Դա խոսում է այդ ապրանքի տարածվածության մասին: Իհարկե, վիճակագրություն չկա, բայց ակնհայտ է, որ այն հանդիսանում է թիվ մեկ շփման միջոց: