Չիլին ևս պաշտոնապես հերքում է ալյուրի հարստացումով պայմանավորված քաղցկեղով հիվանդացության աճը
ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ` դիվանագիտական խողովակով, պաշտոնական հարցում է կատարել Չիլիի առողջապահության նախարարությանը, թե երկրում ցորենի ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու համակարգը ներդնելուց հետո, արդյո՞ք, գրանցվել է քաղցկեղով հիվանդացության աճ, և որևէ պատճառահետևանքային կապ գոյություն ունի՞ քաղցկեղով հիվանդացության աճի և ալյուրի հարստացման միջև:
Նույն խողովակով ստացված պատասխանում Չիլիի առողջապահության նախարարությունը պաշտոնապես պատասխանում է, որ ցորենի ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու համակարգը ներդնելուց հետո երկրում չի գրանցվել քաղցկեղով հիվանդացության աճ, ինչպես նաև որևէ պատճառահետևանքային կապ չկա քաղցկեղով հիվանդացության աճի և ալյուրի հարստացման միջև:
Ընդհակառակը, չիլիական կողմի պնդմամբ` ալյուրի հարստացումը հանգեցրել է որոշ հիվանդությունների աճի նվազման: Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել Հայաստանին ամենայն աջակցություն ցուցաբերել ալյուրի հարստացման համակարգի ներդրման գործում ունեցած փորձի փոխանակման հարցում: Արգենտինայում ՀՀ դեսպանության խնդրանքով Չիլիի առողջապահության նախարարությունը կտրամադրի համապատասխան նյութեր և տեղեկանք` Չիլիում ալյուրի հարստացման համակարգի ներդրման և արդյուքների մասին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունն արդեն հրապարակել է նույն ճանապարհով Կանադայի առողջապահության նախարարությունից ստացված պատասխանը, որում նշվում էր. «Կանադան ալյուրը ֆոլաթթվով պարտադիր հարստացնելու պրակտիկան ներդրել է 1998թ., ինչին անմիջապես հաջորդել է նյարդային խողովակի արատների քանակի շուրջ 46% նվազում: Կանադայի քաղցկեղով հիվանդացության մակարդակի որևէ փոփոխություն ֆոլաթթվի ներդրումից հետո չի նկատվել: Շուրջ 50.000 անձանց շրջանում անցկացված փորձը ֆոլաթթվի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև անմիջական կապ չի հաստատել»:
Այս հարցումների առիթ են հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված և ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Ցորենի ալյուրի հարստացման մասին ՀՀ օրենքի նախագծի շուրջ ընթացող քննարկումների ժամանակ առանձին անձանց և հասարակական կազմակերպությունների կողմից հնչող «հիմնավորումները», թե իբր ցորենի ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու արդյունքում մի շարք երկրներում քաղցկեղով հիվանդացության աճ է արձանագրվել: Եվ հիմնականում բերվում է Չիլիի ու Կանադայի օրինակը։
Կարծում ենք, որ ալյուրի հարստացման դեմ խոսողներն այլևս լուրջ դեմքով բացահայտ ստեր չեն տարածի և հանրությանը մոլորության մեջ չեն գցի։
Միաժամանակ ակնկալում ենք, որ մեր լրատվամիջոցները` հիմք ընդունելով դիվանագիտական խողովակով ստացված պաշտոնական գրությունները, այլևս իրենց եթերում կամ էջերում տեղ չեն հատկացնի ակնհայտ կեղծ տեղեկատվությանը։