Ասադը ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից. Կրեմլ
Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովն այսօր հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով ցուցաբերել ռազմական օգնություն, հայտնում է korrespondent.net-ը:
«Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Սիրիայի նախագահը դիմել է մեր երկրի ղեկավարությանը՝ խնդրելով ցուցաբերել ռազմական օգնություն: Այդկերպ, կարելի է արձանագրել, որ ահաբեկչության դեմ, իհարկե, պետք է պայքարել, հարկավոր է միավորել ջանքերը, սակայն, դրա հետ միասին, հարկավոր է հետևել միջազգային իրավունքի նորմերին»,- ասել է լրագրողներին Իվանովը:
Նրա խոսքով՝ բոլոր սոցիալական ու ֆինանսական հարցերը, կապված Մերձավոր արևելքում օպերացիաների ընթացքում ռուս զինծառայողների ապահովման հետ, լուծվելու են, ու բոլոր համապատասխան որոշումներն արդեն կայացվել են:
Վերջինս հիշեցրել է, որ Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ իր Զինված ուժերն օգտագործում է արտասահմանում՝ այսպես է եղել Տաջիկստանում 90-ականներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամները միաձայն քվեարկել են ռուսական զորքերն արտերկրում օգտագործելու վճռի օգտին: Այդկերպ, նրանք բավարարել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքը, որն ավելի վաղ ներկայացվել էր խորհրդարան:
Կրեմլի մամլո ծառայությունն այսօր տեղեկացրել էր, որ Վլադիմիր Պուտինը երկրի խորհրդարանի վերին պալատի քննարկմանն է ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի կոնտինգենտը արտերկրում օգտագործելու մասին հարցը:
Իվանովն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը արտասահմանում օգտագործելու որոշումը վերաբերում է Սիրիային:
«Առաջինը ու երևի թե ամենակարևորը՝ դա Սիրիային է վերաբերում, ու խոսքը ոչ թե ինչ-որ արտաքին քաղաքական նպատակների մասին է, ինչ-որ հավակնությունների բավարարման, ինչի մեջ մեզ մշտապես մեղադրում են մեր արևմտյան գործընկերները, այլ խոսքը բացառապես Ռուսաստանի ազգային հետաքրքրությունների մասին է»,- ասել էր նա: