Հանրապետության հրապարակում կկայանա շուրջօրյա ակցիա
Հոկտեմբերի 1-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» Հանրապետության հրապարակում անցկացնելու է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան» նվիրված միջոցառումներ: Հայաստանում ամեն տարի բազմաթիվ կանայք ենթարկվում են ընտանեկան բռնության, իսկ տասնյակից ավելի կանայք զոհվում են, թողնելով մանկահասակ երեխաներին՝ առանց մայրական սիրո և խնամքի:
Միջոցառման շրջանակներում, ամբողջ օրվա ընթացքում կցուցադրվեն ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց պատկանող իրեր, ինչպես նաև անդրադարձ կկատարվի ընտանեկան բռնության ենթարկված կանանց իրական պատմություններին: Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված ակցիային կմասնակցեն նաև ընտանեկան բռնության ենթարկված կանայք ու նրանց ընտանիքի անդամները:
Ժամը 11:00-ից մինչև 13:00-ն Կոալիցիայի ներկայացուցիչները Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքը կարտահայտեն` ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի ընդունման պահանջով:
Ուշ երեկոյան կկայանա մոմավառություն` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի:
«Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը» հռչակվել է 2010 թվականին, ի հիշատակ ընտանեկան բռնության հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանի: Օրվա խորհուրդն է` ընտանեկան բռնության կանխարգելումը, հանրային իրազեկվածության բարձրացումն ու ընտանիքների առողջացումը:
Ասենք հստակ Ո՛չ ընտանեկան բռնությանն ու նպաստենք առողջ հասարակության կերտմանը մեր երկրում:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան»