
ՌԴ-ն արգելք է դրել ուկրաինական 5 խոշորագույն ավիաընկերությունների վրա

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ուկրաինական 5 խոշորագույն ավիաընկերությունների վրա, որոնց արգելվել է թռիչքներ իրականացնել Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին «Ուկրաինսկայա պրավդային» հայտնել է «Ռոսավիացիայի» ղեկավարի խորհրդական Սերգեյ Իզվոլսկին:
«Այսօրվա դրությամբ դրանք ՄԱՈՒ, «Դնեպրոավիա», YanAir, WizzAir ու «ՄոտորՍիչ» ավիաընկերություններն են»,- հայտնել է պաշտոնյան:
Վերջինիս խոսքով՝ ցուցակը կարող է ընդլայնել, «եթե Ուկրաինան ձեռնարկի հետագա սահմանափակումներ ռուսական ավիաընկերությունների նկատմամբ»:
Իր հերթին, ՄԱՈՒ-ի մամլո քարտուղարը հաստատել է, որ ավիաընկերությունն ստացել է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության պաշտոնական հաղորդագրությունը հոկտեմբերի 25-ից ՌԴ քաղաքներ թռիչքների արգելքի մասին:
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ էին սահմանել ռուսական 25 ավիաընկերության դեմ: Ուկրաինական պատժամիջոցային ցանկում են հայտնվել ռուսական խոշորագույն ավիափոխադրողները, այդ թվում՝ «Աերոֆլոտն» իր 7 դուստր ավիաընկերություններով, ինչպես նաև «Սիբիրն» ու «Տրանսաերոն»:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նախարարների կաբինետի նիստում հայտարարել էր, որ որոշում է կայացվել արգելել ռուսական ավիաընկերությունների թռիչքները:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել էր Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը պատասխան սահմանափակող միջոցառումներ ձեռնարկել ուկրաինացի ավիաընկերությունների նկատմամբ: