
Հայաստանը պատրաստ է նախաձեռնել եվրասիական կրթական նախագծեր՝ հիմք ընդունելով եվրոպական փորձը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բելառուսական կրթական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Բելառուսի Հանրապետությունը Բոլոնիայի գործընթացին անդամակցելու հայտ է ներկայցրել այս տարվա մայիսին՝ Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ժամանակ: Անդամակցության հարցում Հայաստանը, իբրև Բոլոնիայի քարտուղարության նախագահությունն ստանձնած երկիր գործընկերային աջակցություն է ցուցաբերել Բելառուսին:
Նշելով այս փաստը՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է Բոլոնիայի քարտուղարության և Եվրոպական կրթական տարածքում ինտեգրման փորձը փոխանցել Բելառուսին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս գործընկերներին: Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին կարևորել է կրթության ոլորտում եվրոպական ինտեգրման հայկական փորձը՝ հայ-բելառուսական երկկողմ կրթական կապերի զարգացման հարցում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտության, բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավորություններին:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն