
Ինչո՞ւ են Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի ստորաբաժանումները ժամանել Հայաստան

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը տեղյակ չէ Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի ստորաբաժանումների Հայաստան ժամանելու բուն նպատակի մասին: 168.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ այդ հարցը չի քննարկվել:
«Ես տեղեկություն իրոք չունեմ: Եկե՞լ են, չեն եկե՞լ, ժամանակավո՞ր են: Խոսվում էր Արցախում խաղաղպահների տեղակայման մասին: Դա խորքային հարց է, կապված է անվտանգության հետ, արտաքին քաղաքական իրավիճակների հետ: Իհարկե, եթե նորմալ լինի ամեն ինչ և որևէ օտար զինվոր չլինի մեզ մոտ, շատ լավ կլինի: Բայց միանշանակ ասելը, ճիշտ չէ, գուցե պահեր են գալիս, որ դրա անհրաժեշտությունը զգացվի, իհարկե, Աստված չանի»,- ասաց Լ.Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի ստորաբաժանումներ են ժամանել Հայաստան: Ասվում է, որ նրանք մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղաբայրություն-2015» համատեղ վարժանքներին: Նախօրյակին կատարվել Է Սամարայի մարզից զորքերի վերատեղաբաշխում եւ նրանց տեղավորում Հայաստանի ռուսական զորախմբի ուժերի ու միջոցների օգտագործմամբ: Թե արդյոք սա որևէ առնչություն ունի հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրության հետ, ռուսական աղբյուրները չեն նշում: