Չիչխանի յուղով հրաշալի դիմակներ
Ժամանակի ընթացքում մեր մաշկը ենթարկվում է մի քանի փոփոխությունների: Հատկապես դեմքի մաշկի վրա անդրադառնում են տարիքը, եղանակային պայմանները, անգամ ուրախությունն ու տխրությունը: Կանայք հաճախ փորձում են գտնել այնպիսի միջոցներ, որոնք կպահպանեն մաշկի բնական գեղեցկությունն ու առողջությունը:
Liveinternet կայքը ներկայացնում է մի քանի դիմակների բաղադրատոմսեր, որոնց հիմքում ընկած է չիչխանի (облепиха) յուղը:
Դիմակ N1
1 ձվի դեղնուցը, 1ճ/գ կոսմետիկ կավը, 1թ/գ չիչխանի յուղը լավ խառնեք, մինչև համասեռ զանգված ստանալը, ապա քսեք նախապես մաքրված դեմքին: 15 րոպե անց դեմքը մաքրեք, նախ՝ տաք ջրով, ապա՝ սառը: Մաշկին էլաստիկություն հաղորդելու համար այս գործողությունը պետք է կրկնել շաբաթը 2 անգամ:
Դիմակ N2
200մլ սերուցքը, 100մլ օղին, 1թ/գ չիչխանի յուղն ու 1 հարած ձուն լավ խառնեք, ստացված լոսյոնը քսեք դեմքին՝ մաշկը տրորելով: Լոսյոնի մնացած մասը կարող եք պահել սառնարանում:
Դիմակ N3. յուղոտ մաշկի համար
Չիչխանի յուղը փոքր-ինչ տաքացրեք և բամբակով քսեք դեմքի մաշկին, 10-15 րոպե անց դեմքը մաքրեք անձեռոցիկով: Այս տեսակի դիմակը ախտահանում է մաշկը և վերականգնում դրա թթվային բալանսը:
Դիմակ N4
Բամբակե կտորը թրջեք երիցուկի թուրմի մեջ, դրեք դեմքին և ծածկեք սրբիչով: Թողեք մնա 15 րոպե, որից հետո հանեք սրբիչը և դեմքին հավասարաչափ չիչխանի յուղ քսեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը