«ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը ընդունել է հայտարարություն՝ ողջունելով ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների գործընթացը». Հ. Նաղդալյան

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքների առաջին օրը՝ սեպտեմբերի 28-ին, տեղի է ունեցել Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ընդունվել է հայտարարություն՝ ՀՀ-ում ընթացող Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ, այն արդեն տեղադրված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում:

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ում հետ փորձեցինք կապ հաստատել և ճշտել հայտարարության բովանդակությանն ու հանձնաժողովի նիստին առնչվող մանրամասներ:

Տիկին Նաղդալյանը մասնավորապես տեղեկացրեց.

«Երեկ Մոնիտորինգի հանձնաժողովում ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ հանձնաժողովը ողջունում է Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում՝ ընդգծելով հանգամանքը, որ այդ բարեփոխումները իրագործվել են Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցության պայմաններում, և դրա արդյունքը ներկայացվում է առաջարկվող տեքստում, ինչպես նաև արտահայտվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը առաջարկվող բարեփոխումների վերջնական տեքստի վերաբերյալ՝ բարձր որակով և միջազգային ստանդարտներին համապատասխան (,,is of high quality and in line with international standards,,):

Մոնիտորինգի հանձնաժողովը բարձր է գնահատում և ողջունում նաև այն փաստը, որ Հայաստանում Սահմանադրական փոփոխությունները իրականացվում են լայնամասշտաբ քննարկումների և խորհրդակցությունների մթնոլորտում և համաժողովրդական հանրաքվեով, հետևաբար կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին մասնակցություն ցուցաբերել ինչպես հանրաքվեին, այնպես էլ այն խորհրդակցություններին, որոնք հանրաքվեի մաս են հանդիսանում: Կոմիտեն նշում է, որ , հիրավի, հայ հասարակության մեջ առկա են դեբատներ և քաղաքական բանավեճ կա»:

Հերմինե Նաղդալյանի կարծիքով՝ սա հենց ժողովրդավարական գործընթացի անքակտելի մասն է, երբ միջազգային այդ հեղինակավոր կառույցի կողմից նշվում է, որ դեմոկրատական հասարակությանը և երկրին հարիր մթնոլորտում և իրավիճակում է Սահմանադրական բարեփոխումն ընթանում, ինչը բազմիցս շեշտվել է նաև հանձնաժողովի քննարկումների ժամանակ եվրոպացի տարբեր պատվիրակների կողմից:

«Եվս մեկ անգամ Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունելով նշում է, որ քաղաքական համակարգի փոփոխությունը կատարվում է միայն ու միայն Հայաստանի քաղաքացիների համար, և միայն նրանց իրավասությունն է գալիք հանրաքվեի ժամանակ դրա վերաբերյալ որոշում կայացնելը: Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից հնչեց ևս մեկ կոչ՝ ուղղված բոլոր շահագրգիռ քաղաքական կառույցներին, որ հանրաքվեն անցնի միջազգային ամենաբարձր դոմոկրատական ստանդարտներին համապատասխան:

Կարծում եմ՝ սա շատ կարևոր որոշում է: Վերջին ամիսների ընթացքում Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը , փոխըմբռնումը ողջունվել է ոչ միայն Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների մեջ, այլ նաև Մոնիտորինգի հանձնաժողովը երկու անգամ իր քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների ընթացքին, էական դրական տեղաշարժեր է փաստել և արձանագրել դրանք իր փաստաթղթերի մեջ:

Այդ իմաստով ուզում եմ առաջին հերթին հիշեցնել սեպտեմբերի 3-ին Սարաեվոյում տեղի ունեցող Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ալլան Միլը և Աքսել Ֆիշերը իրենց տեղեկատվական զեկույցում նշեցին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների բարձր որակի մասին, որ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքներն ու ազատությունները ավելացվում և հարստացվում են: Երկու համազեկուցողներն իրենց գնահատականներում, որպես կարևոր հանգամանք, նշել էին, որ Խորհրդարանի լիազորությունները ընդարձակելով՝ դրան զուգահեռ ընդլայնվում են նաև խորհրդարանական ընդդիմության իրավունքները, ինչը նույնպես շատ ողջունելի փաստ է: Նրանց կողմից հատուկ ընդգծվում էր՝ այս վերաբերմունքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները հանձնառու են ԵԽԽՎ-ի անդամակցությամբ Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարմանը»:

Հերմինե Նաղդալյանը հավելեց, որ բացի դրանից, Սահմանադրական բարեփոխումների ընթացքին անդրադարձ է կատարվել նաև Ստեֆան Շեննախի՝ «ԵԽԽՎ անդամ երկրների կողմից մեկ տարվա մոնիտորինգային առաջընթացը» զեկույցում. «Եվ երեկ արդեն Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ընդունելով այս հայտարարությունը՝ Հանձնաժողովը ևս մեկ անգամ արտահայտում է իր դրական կարծիքը, այն մասին, որ Հայաստանը գնալով Սահմանադրական այդ բարեփոխումներին, ընդլայնում է ժողովրդավարական հիմքերը, մարդու ազատությունները, իշխանությունների բալանսը, Կառավարության հաշվետվողականաությունը և այլն», – եզրափակեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս