Գերմանական մեդիահոլդինգը 343 մլն դոլարով գնել է Business Insider-ի 88%-ը
Գերմանական Axel Springer մեդիահոլդինգը 343 մլն դոլարով գնել է ԱՄՆ-ում խոշորագույն լրատվական վերլուծական Business Insider ինտերնետ պարբերականի բաժնետոմսերի 88%-ը, ասվում է Axel Springer-ի մամլո հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ գերմանական ընկերությանը պատկանում էր Business Insider-ի բաժնետոմսերի 9%-ը: Մնացած 3%-ը պատկանում էր Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի Bezos Expeditions-ին:
Ինտերնետ-պարբերականի արժեքը, ներառյալ ընկերության պարտքը, գնահատվում է 442 մլն դոլար: Business Insider-ն ունի 76 մլն լսարան:
Business Insider-ի հիմնադիր, գլխավոր խմբագիր Հենրի Բլոջեթը, ինչպես նաև ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ջուլի Հենսենը կպահպանեն իրենց պաշտոնները:
Business Insider կայքը գործարկվել է 2007 թվականին:
Ներկայում ինտերնետ-պարբերականում աշխատում է ավելի քան 325 մարդ, որի կեսը՝ լրագրողներ: