
Չինաստանը 25.3 մլն դոլարի վարկ է տրամադրում Հայաստանին

Չինաստանը Հայաստանին հատկացնում է 25.3 մլն դոլարի չափով վարկ՝ չինական յուանով: Ինչպես այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև «Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագրով նախատեսվող վարկի նպատակը Հայաստանի մաքսային համակագը զննման տեխնոլոգիաներով ապահովումն է:
Վ.Միրումյանը նշեց, որ վարկը տրամադրվում է 2% տոկոսադրույքով, 20 տարի ժամկետով, որից արտոնյալ՝ 5 տարի: «Այս վարկը ստացվում է սարքավորումների տեսքով, ոչ թե դրամային: Նախատեսվում է երկաթուղային բեռների զննման համակարգի ներդրում, որի շնորհիվ գնացնք առանց կանգնեցնելու զննվում է և տվյալները ավտոմատ փոխանցվում են»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ ձեռք են բերվելու նաև շարժական սկաներներ, ներդրվելու է էլեկտրոնային կողպեքների համակարգ, որի շնորհիվ բեռն անընդհատ կապի մեջ կլինի կենտրոնի հետ, կարելի կլինի հետևել, թե երբ է տեղ հասնում և այլն: Ըստ Միրումյանի՝ արդյունքում բիզնեսի ծախսերն ու աշխատաժամանակը կկրճատվի, իսկ մաքսակետերի թողունակությունը կավելանա մինչև 10 անգամ: