Եթե Հայաստանը վաղը համաձայնի, ես ուրախությամբ գործունեություն կսկսեմ այնտեղ. Western Union-ի նախագահ
2008 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը Հայաստանի տարածքում գործող բանկերին արգելեց մասնակցել դրամական փոխանցումների Western Union միջազգային համակարգին: ԿԲ-ն հայաստանյան բանկերին հանձնարարեց լուծարել Western Union-ի հետ պայմանագրերը՝ այդ պայմանագրերում առկա կարգի համաձայն:
Այս թեմային այսօր անդրադարձել է Western Union-ի նախագահ Հիքմեթ Էրսեկը՝ ռուսական Ведомости-ին տված իր հարցազրույցում։ Լրագրողի հարցին՝ երբ դուք ընտրություն էիք կատարում Հայաստանի և Ադրբեջանի շուկաների միջև, ինչո՞ւ ընտրեցիք երկրորդը, Էրսեկը պատասխանել է. «Խնդիրը քաղաքական հարցերի և Լեռնային Ղարաբաղի մեջ է։ Երկու երկրների կենտրոնական բանկերը մեզ կանգնեցրին ընտրության առաջ. մենք կարող էինք գործունեությունը վերսկսել միայն այդ երկրներից մեկում։ Ես կուզեի, որ մենք կարողանայինք աշխատել նաև Հայաստանում, սակայն մենք պարտավոր չենք հարմարվել հանգամանքներին։ Եթե Հայաստանը վաղը համաձայնի, ես ուրախությամբ գործունեություն կսկսեմ այնտեղ»։