Ավտովթարից մահացած «Ֆորսաժի» գլխավոր դերակատարի դուստրը դատի է տվել Porsche-ին
Ավտովթարի զոհ դարձած «Ֆորսաժ» ֆիլմի գլխավոր դերակատար Փոլ Ուոքերի 16-ամյա դուստրը՝ Մեդոյ Ռեյն Ուոքերը, դատի է տվել Porsche ավտոարտադրողին:
Աղջիկը կոնցեռնին մեղադրում է նրանում, որ 2005թ. արտադրության Porsche Carrera GT մոդելը, որով ավտովթարի է ենթարկվել իր հայրը, ունեցել է նախագծման թերություններ:
«Փոլ Ուոքերը ողջ կլիներ առանց Porsche Carrera GT-ի անսարքության»,- պնդում է դերասանի աղջիկը:
Համաձայն հայցվորի դիմումի՝ մեքենան չի ունեցել մի շարք սարքեր, որոնք տեղադրված էին տվյալ ապրանքանշանի այլ մոդելների վրա: Խոսքը կայունացման համակարգի, դռների ամրացման ու բենզատարի մասին է, որոնք հաշվարկված չեն եղել մեծ արագությամբ բախվելու ու այրվելու համար:
Աղջկա փաստաբանի խոսքով՝ դերասանը մեքենան վարել է մինչև 114կմ/ժ արագությամբ, սակայն հետաքննությունը պարզել է, որ խոսքը 151կմ/ժ-ի մասին է:
Ոստիկանությունը պնդում է, որ ողբերգության պատճառը եղել է բարձր արագությունը, այլ ոչ թե տեխնիկական անսարքությունները, հայտնում է CNN-ը:
Չի հաղորդվում, թե որքան է պահանջում Մեդոյը՝ որպես փոխհատուցում: