Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացվեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնը

Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նորակառույց «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացումը:

Արարողությանը ներկա էին կենտրոնի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանները, Տիտիզյան ընտանիքի անդամներ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի բարերարներ և այլ հյուրեր:

Այս առիթով, մինչև կենտրոնի բացումը, երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի շիրիմի առջև կատարվեց հոգեհանգստյան կարգ:

«Գարեգին Ա» կրթական կենտրոնի առջև հյուրերին ողջունեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ով «Գարեգին Ա» կենտրոնի ստեղծումը վերջին տասնամյակում Մայր Աթոռի կրթական գործունեության ոլորտում գրանցված լավագույն ձեռքբերումներից մեկը դիտարկեց:
«Այս կենտրոնի ստեղծումը դարձյալ վկայում է, որ Մայր Աթոռը սրբորեն պահում է սեփական առաքելությանը բնորոշ ավանդույթները, որն իր դարավոր գոյության ընթացքում հավատն ու գիտությունը երբեք իրար հակառակ չի դիտել, այլ միմյանց փոխլրացնող, ամբողջացնող:

KI center 8

Վեհափառ Տեր, Ձեր հովվապետության ընթացքում այն գաղափարն արմատավորեցիք , որ Հայոց Եկեղեցու բարեկարգումը հնարավոր է միայն հոգևոր կրթությունը համապատասխան որակի բարձրացնելու պայմանով: Այս լույսի ներքո սույն կենտրոնի հիմնումը նաև գնահատանքի և հարգանքի տուրք է Ձեր նախորդի՝ Գարեգին Ա Կաթողիկոսի հիշատակին. մարդու, ում մտապատկերում հոգևորականն ու գիտնականը նույն նպատակին են ծառայում», – նշեց Սրբազանը:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը և բարերաներ Հայկ և Էլզա Տիտիզյանները կտրեցին «Գարեգին Ա» կրթական կենտրոնի մուտքի ժապավենը, որով պաշտոնապես ազդարարվեց կենտրոնի բացումը:

Կրթական կենտրոնի դահլիճում արարողության մասնակիցները դիտեցին Գարեգին Ա Հայրապետին նվիրված ֆիլմը, ապա, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, կատարվեց նորաբաց կենտրոնի օրհնության կարգը:

KI center  4
Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ներկաներին:

«Ուրախությամբ և սիրով ողջունում ենք ամենքիդ ներկայությունը հայոց հոգևոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հիրավի, պատմական օրեր ենք ապրում Լուսավորչահիմն Մայր Աթոռում: Երեկ Ամենախնամ Տիրոջ բարեսեր կամքով կատարեցինք Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, և տակավին թարմ են հոգեպարար այն զգացումները, որ համակել էին ամենքիս սրտերը:

Այսօր ևս տոնական նույն ոգին է թևածում Մայր Աթոռում. առիթը Մեր սիրելի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանների ազնիվ հանձնառությամբ կյանքի կոչվող «Գարեգին Ա» կրթական կենտրոնի կառույցն է, որի շինարարական աշխատանքները, կամոքն Աստուծո, իրենց բարեհաջող ավարտին պիտի հասնեն առաջիկային:

Փառք ու բարեբանություն Երկնավոր Տիրոջը, որ աստվածասեր մեր ժողովրդին պարգևել է ազնվասիրտ բարերար զավակներ, ովքեր իրենց եռանդն ու կարողությունները սիրահոժար կերպով ծառայեցնում են ի բարօրություն մեր Հայրենքի և ի պայծառություն Առաքելական Մեր Սուրբ Եկեղեցու:

Երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի անունը կրող այս կենտրոնը մեր Եկեղեցու հոգևոր-կրթական ասպարեզում կարևոր առաքելություն է ստանձնելու: Կենտրոնի հարկից ներս իրենց գիտելիքները պիտի հարստացնեն և կատարելագործեն մեր Եկեղեցու հոգևոր սպասավորները, ուսուցիչներն ու կրթության ոլորտի այլ ներկայացուցիչներ: Կրթական կենտրոնում նպաստավոր պայմաններ են ստեղծվում նաև հայագիտական ու աստվածաբանական հարցերի շուրջ գիտաժողովներ կազմակերպելու համար:

KI center  5

Դարեր շարունակ հայ հոգևորականն ու հայ ուսուցիչն են կրթել մեր ժողովրդին, կերտել հոգևոր-բարոյական նկարագիրը, որով ազգս ապրել է, ստեղծել հարուստ դպրություն ու մշակույթ, հաղթահարել փորձություններ և հավատով նայել գալիքին։ Հոգելույս Գարեգին Ա Հայրապետն էլ՝ իբրև հոգևորական և ուսուցիչ, իր գրական և աստվածաբանական ծավալուն ժառանգության մեջ մշտապես եղավ մեր հավատքի, մեր լեզվի, մշակույթի, մեր հայրենիքի ջատագովն ու պաշտպանը:

«Գարեգին Ա» կրթական կենտրոնը մշտավառ է պահելու հիշատակը լուսահոգի Հայրապետի, նրա անձը և կյանքի անցած ուղին օրինակ ու խրախույս դարձնելով և ոգեշնչելով ու նոր լիցքեր հաղորդելով երիտասարդ հոգևորականներին և ուսուցիչներին:
Սիրելի Հայկ և Էլզա, կրթական այս կենտրոնի կառուցման աստվածահաճո նախաձեռնությունն իր մեջ խտացնում է հոգելույս Հայրապետի հանդեպ ունեցած Ձեր ազնիվ ու ջերմ զգացումները, Ձեր մեծ սերն ու նվիրումը:

Հիրավի, այդ բացառիկ զգացումների արգասիքն ու վկայություններն են Գարեգին Ա Հայրապետի հիշատակը հավերժացնող արժանավոր Ձեր գործերը: Երանաշնորհ Հայրապետի սրտում փայփայած ու կյանքի վերջին օրերին ձեզ փոխանցած տեսլական իղձն է հայագիտության ու աստվածաբանության կենտրոնի կառուցումը, որն այսօր իրական դարձած` նպաստ է բերելու մեր ժողովրդի հոգևոր, գիտակրթական ու մշակութային կյանքի առաջընթացին: Երջանկահիշատակ Հայոց Հայրապետի հանդեպ տածած Ձեր խորին հարգանքի և նրա լուսավոր հիշատակի առջև խոնարհումի դրսևորումն է նաև նրա գրական ժառանգության և անտիպ էջերի հրատարակության նախաձեռնությունը, որ տակավին շարունակում եք՝ նոր կյանք ու նոր շունչ տալով Գարեգին Ա Հայրապետի հոգեմտավոր ճառագայթումներին:

KI center 1

Այս պահին, սիրելի բարերարներ, հոգելույս Հայրապետը երկնքից օրհնում է Ձեզ և Ձեր աստվածահաճո բարի իրագործումները», – ասաց Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունը վերստին իր բարձր գնահատանքը բերեց Տիտիզյան ընտանիքին` մաղթելով նորանոր ձեռքբերումներ և ազգասեր ու եկեղեցաշեն գործոց հաջողություններ:
Վեհափառ Հայրապետը նաև իր օրհնությունը բերեց կառույցի ճարտարապետներ Արտավազդ Նազարեթյանին ու Արամ Սահակյանին և շինարար Ստեփան Ախոյանին:
Վերջում Գարեգին Բ Հայրապետը մաղթեց, որ Գարեգին Ա լուսահոգի Հայրապետի սերմանած հունդերը շարունակեն նոր ծիլեր արձակել և առատ, բարի պտուղներ պարգևեն մեր ժողովրդին, և օրհնյալ ճանապարհ ցանկացավ «Գարեգին Ա» կրթական կենտրոնի առաքելությանը:

Տեսանյութեր

Լրահոս